ԳԱԼԱ-ի վարորդը ընդդեմ Ճանապարհային ոստիկանության
14:23, July 2, 2013 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունԱյսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է ԳԱԼԱ Հ/Ը լրատվական ծառայության վարորդ Արմեն Պետրոսյանի հայցն ընդդեմ ճանապարհային ոստիկանության:
Համաձայն Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի ներկայացրած հայցադիմումի՝ Արմեն Պետրոսյանը դատարանից պահանջում է անօրինական ճանաչել Ճանապարհային ոստիկանության Գյումրու ներկայացուցիչների կողմից մարտի 25-ին թույլ տված գործողությունները, ինչպես նաև կազմված այն վարչական ակտը, ըստ որի՝ Արմեն Պետրոսյանը, Սայաթ-Նովա փողոցում հատելով հոծ գիծը, շրջադարձ է կատարել:
Դրա մասին վարորդը ոչ թե գրավոր ծանուցում է ստացել, ինչը ՀՀ օրենքով է սահմանված, այլ ճանապարհային ոստիկաններն այցելել են վերջինիս բնակարան և փորձել նրան բերման ենթարկել ոստիկանություն: Բացի այդ, նրա մեքենան անօրինական կերպով պահվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում, որից հետո միայն վարորդին ներկայացվել է գրավոր ծանուցումը: Այսօր որպես գործով վկա քննվել են վարորդ Արմեն Պետրոսյանը և ՃՈ երկու աշխատակիցներ: