Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվեց
00:00, April 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. ապրիլի 8-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրեց «քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2011 թ. փետրվարի 18-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Արթուր Սաքունցի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին:
Դատարանը պատճառաբանել է, որ հայցվոր Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կարող են ձեռք բերվել այնպիսի փաստեր, որոնք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործի լուծման համար:
Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանն իր որոշումը չի հիմնավորել և չի պատճառաբանել, թե հատկապես որ փաստական հանգամանքը կարող է անհնարին դարձնել սույն գործի քննության համար: Դատարանը իր որոշմամբ չի նշել գործի վարույթը կասեցնելու թե՛ փաստական կողմը և թե՛ իրավական հիմնավորումը:
Հիշեցնենք, որ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը գտնում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում նշված «Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը` տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» արտահայտությունը վնաս է հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:
Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:
Կից ներկայացվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը: