Դատական հայց` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ
00:00, November 11, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վարչական դատարանում հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործողությունների դեմ:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դատարանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` Վարչական դատարան դիմելու պատճառը այն է, որ պաշտպանության նախարարը հրաժարվել է տեղեկություն տրամադրել 2009 թվականին բանակում զոհված ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թվի վերաբերյալ:
«Պաշտպանության նախարարը հրաժարվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` այն պատճառաբանությամբ, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, եւ դա սահմանված է ցանկով` պաշտպանության նախարարի հրամանով», – նշեց Զեյնալյանը` շարունակելով. – «Այնուհետեւ մենք դիմեցինք պաշտպանության նախարարին, խնդրելով տրամադրել այդ հրամանը, ուր գրված է, թե նշված տեղեկությունը գաղտնի է»:
Ըստ նրա` այս անգամ էլ պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, թե հրամանը, որը սահմանում է, թե նշված տեղեկությունը գաղտնի է, նույնպես գաղտնի է:
«Արդյունքում` իմ վստահորդը դիմել է դատարան, որպեսզի դատարանը ճանաչի տեղեկատվության իրավունքի խախտման փաստը, եւ անվավեր ճանաչի այդ հրամանի այդ հատվածը եւ պարտավորեցնի տրամադրել այդ տեղեկատվությունը», – նշեց փաստաբանը:
Այսօր Վարչական դատարանում կայացավ նշված հայցի առնչությամբ հերթական դռնփակ դատական նիստը:
Դատարանում պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` անցած տարի զինված ուժերում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների եւ ինքնասպանության հետեւանքով զոհվել է 18 զինծառայող: Այս տարի արդեն հայտնի է նման 9 զոհերի մասին:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/2217607.html