Դատական նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում
00:00, October 21, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը Լոռու մարզի դատախազության բողոքի հիման վրա քննության առավ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թվականի նոյեմբերի 16-ին կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն՝ քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ:
Լոռու մարզի դատախազությունը հաղորդման կապակցությամբ որեւէ որոշում չէր կայացրել: Կազմակերպության հաղորդմանը վերջինս պատասխանել էր գրությամբ՝ բացատրելով, որ «քննիչը, տեղում նկատելով կասկածելի իրեր, որոշում է կայացրել ամբողջ բնակարանը խուզարկելու վերաբերյալ»: Մինչդեռ, օրենսդրությամբ բնակարանի խուզարկությունը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր կազմակերպության դիմումը եւ պարտավորեցրել Լոռու մարզի դատախազությանը հաղորդման կապակցությամբ կայացնել որոշում: Այդ որոշումը Լոռու մարզի դատախազությունը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան:
Իր բողոքում դատախազությունը նշել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել խախտում: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում դատախազությունը որոշում կայացնելու լիազորությամբ օժտված չէ:
Դատական նիստի ժամանակ ՀՀ Լոռու մարզի դատախազության ներկայացուցիչ Մ. Խաչատրյանը պնդեց բողոքը, որի համար վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 5-րդ և 103-րդ հոդվածները, այսինքն` …պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
Վերաքննիչ դատարանը նիստի ընթացքում փորձել է պարզել, թե արդյոք դատախազությունն իրավունք ունի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշում կայացնել: Սա հաստատվել է դատախազության ներկայացուցչի կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Ա. Զալյանը նշեց, որ դատախազությունը ղեկավարվում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի համաձայն` …դատախազությունն իր նախաձեռնությամբ կարող է հարուցել քրեական գործ, իսկ քրեական գործ հարուցելու համար պարտավոր է կայացնել որոշում:
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2010 թ. հոկտեմբերի 29-ը` ժամը 15:30-ն: