Դատական նիստ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
00:00, November 24, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք2010 թ. նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 2 դահլիճ/ քննության է առնվելու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Բողոքը մերժելու մասին» որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը:
2010 թ. ապրիլի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը, որի կապակցությամբ կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթ չընդունելը պարզաբանել է՝ կազմակերպության կողմից ներկայացված բողոքը եղել է ժամկետանց:
2010 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վերացրել է ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ կամայականորեն ստեղծած դատական պաշտպանություն ստանալու արգելքը՝ վերացնելով ՀՀ Վերաքննիչ դատարանի բողոքն առանց քննության թողնելու որոշումը, գործը ուղարկելով նույն դատարան՝ նոր կազմով քննության:
Հիշեցնենք, որ 2010 թ. հունվարի 13-ին կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2010 թ. հունվարի 10-ին ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/14 եւ 10/15 ընտրատեղամասերում անօրինական գործողությունների մասին:
Ներկայացված հաղորդումը ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն եւ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քննության ավարտից հետո կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ հանցագործության բացակայության հիմքով:
2010 թ. ապրիլի 12-ին դիմում է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, քրեական գործ հարուցելու եւ քրեական հետապնդումները դադարեցնելու պահանջի մասին: