Դարձյալ հրամանատարն է հոշոտել զինվորին
00:00, August 4, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՕրերս Մարտունիում զինվորների սպանության դեպքը ոչ միայն ալեկոծել է ողջ Հայաստանը եւ հատկապես զինծառայողների ծնողներին, այլեւ ոմանց ստիպել է զանգահարել խմբագրություն ու պատմել սպանությունների մասին, որոնք հրապարակված չեն եւ հուրախություն ոլորտի պատասխանատուների՝ վրիպել են լրատվամիջոցների ուշադրությունից:
Բանակում ամենաթողության հերթական զոհը երեւանաբնակ 22-ամյա ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ավագյանն է, որը սպանվել է հուլիսի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի զորամասերից մեկում: Արմանի ծնողները խոր վշտի մեջ են ու դեպքի մանրամասներին չեն տիրապետում եւ մեր այցելության պահին այդ թեմայով խոսելու սիրտ էլ չունեին: Միայն ասացին, որ Արմանի հորեղբայրը Ղարաբաղում է այս օրերին, երբ վերադառնա, դեպքի մասին մանրամասներ կիմանանք:
Մինչ այդ, ծնողների կցկտուր տեղեկությունների համաձայն,13 ամսվա զինծառայող Արմանը երիտասարդ հրամանատարի՝ Վահե Հովնիկյանի գազանության զոհն է դարձել: Արմանը դիրքերում է եղել, վերջինս եկել-տեսել է, որ դիտակետից մի քանի մետր այն կողմ կանգնած է, փրփրել է, թե ինչու է կարգը խախտել, վիճաբանության է բռնվել, ապա 25-ամյա գազազած հրամանատարը ծանր, բութ գործիքով հարվածել է զինվորի գլխին, ինչից նա ուղեղի վնասվածք է ստացել ու մահացել: Ենթադրվում է, որ հարվածել է զենքի խզակոթով: «Մենք ոչ մի բան չգիտենք դեռ, հետո ասում են իբր հրել է, ընկել է, գլուխը խփել քարին, նույնիսկ մեզ ժամը ճիշտ չեն ասում, ասում են ժամը 12-ին է դեպքը տեղի ունեցել, սակայն չի համապատասխանում իրականությանը, մարդ կա՝ ժամը 10-ին է իմացել այդ մասին»,-պատմում է զինվորի հայրը՝ Արսեն Ավագյանը: Ծնողների խոսքով՝ Արմանը կարգապահ ու պարտաճանաչ զինվոր է եղել, այդպիսին է եղել նաեւ կյանքում, բարձր առաջադիմությամբ ավարտել է պոլիտեխնիկը, ապա սիրով գնացել բանակ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
«Շատ խելոք, շառից-փորձանքից հեռու՝ հանգիստ ծառայում էր, ոչ մի անգամ չի նեղվել ծառայությունից, ոչ մեկիս նեղություն չի պատճառել, չի դժգոհել»,-ասում էր մայրը՝ Ռուզաննա Ավագյանը: Սակայն գրեթե իր հասակակից մարդակեր հրամանատարի համար Արմանի վայրկենական «անկարգապահությունը» կենաց-մահու խնդիր է եղել: Եթե նույնիսկ կարգ է խախտել, ապա ո՞վ է թույլ տվել հրամանատար կոչված մարդասպանին ձեռք բարձրացնել զինվորի վրա, որտե՞ղ է գրված, որ կարգը խախտած զինվորին կարելի է ծեծել, խոշտանգել, նվաստացնել, արժանապատվությունը վիրավորել, ապա սպանել: Արմանի ծնողների պատմելով՝ այդ օրը նա պետք է «իջներ դիրքերից ու հաջորդ օրը օտպուսկ գար»: «13 ամիս է՝ ծառայում էր ու առաջին անգամ էր արձակուրդ գալու»,-պատմում է մայրը: Ծառայության ութ ամիսը լրանալուց հետո օրենքով Արմանին արձակուրդ էր հասնում, սակայն թույլ չեն տվել ու անհայտ պատճառներով ձգձգել են արձակուրդը:
«Ութ ամիսը լրացավ՝ մերժեցին, մեկ տարին՝ մերժեցին, իրենց գրած օրենքը խախտել ու չեն թողել գա, մենք էլ սպասում ու սպասում էինք… պրիսյագին ենք տեսել վերջին անգամ»: Ավագյանների մյուս որդին էլ ապագա զինվոր է, սեպտեմբերին է զորակոչվելու բանակ, բայց այս ահասարսուռ դեպքից հետո ծնողները բանակի մասին լսել չեն ուզում ու վստահեցնում են, որ չեն թողնելու բանակ գնա: Ավելին, ժամանակին զինվոր որդիով հպարտացող ծնողներն այսօր իրենց վատ ծնող են համարում ու իրենք իրենց դատափետում են միայն այն բանի համար, որ վերջին ունեցվածքը չեն ծախել ու տղային բանակից «չեն փրկել»: Երկրորդի դեպքում, այսպես ասած՝ «սխալը» չեն կրկնի: «Տղաս դիպլոմը չվայելեց, պիտի գար ու ստանար: Ադրբեջանցին կրակեր, կասեի՝ երեխաս սահմանին ա եղել, հայրենիք ա պաշտպանել, բա սահմանին հայ հրամանատարը հայ զինվորին սպանի՞: Ոչ մի օրենք չի գործում, պատիժ չկա, չեն վախենում պատժից»:
Ոնց էինք համոզում, որ ամեն ինչ լավ ա լինելու «ումի՞ց հիմա ուզենք մեր տղային, ես համոզվեցի, որ էս երկրին բան չպիտի վստահես, հատկապես երեխա…»,-հուզմունքից խեղդվող ձայնով պատմում էր վշտահար մայրն ու ավելացնում. «Ով իր երեխային փախցնում է, ճիշտ է անում, ես կոչ էլ կանեմ, որ փրկեն… Իմ Արմանը չէր էլ պատկերացնում, որ բանը դրան կհասնի, իրեն զորամասում շատ սիրել են, հարգել են»: Թեեւ Արմանն աչքի է ընկել կարգապահությամբ ու հավասարակշռվածությամբ, սակայն ծնողները կասկածում են, որ նրան հոշոտողն իր արժանի պատիժը կկրի:
ՀԳ–Արման Ավագյանի մասին գրելուց առաջ կապվեցինք ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Մուշեղ Աղեկյանի հետ՝ պարզելու որոշ մանրամասներ: Նա խոստացավ մի քիչ ուշ տեղեկություններ հաղորդել, ապա հարցրեց, թե ունե՞նք ԼՂ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանի հեռախոսահամարը: Մեր այն հարցին, թե տեղյա՞կ են դեպքի մասին, ասաց, որ ոչինչ չի կարող ասել, խորհուրդ տալով կապ հաստատել Հասրաթյանի հետ: Վերջինս էլ ոչինչ չկարողացավ ասել, քանի որ կատարվածն իրավապահների գործն է համարում: Ավելին, տեղյակ չէր՝ կայքում տեղադրվե՞լ է դեպքի մասին տեղեկատվությունը, թե՞ ոչ: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չկա դեպքի մասին, ասաց, որ տարածել են, գուցե մեզ չի հասել: Սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ պաշտոնական կայքերը վերոնշյալ դեպքի մասին հաղորդագրություն չեն տարածել: Ընդամենը երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը խոստացել էր, որ ՊՆ լրատվականի` սխալներն ու ինֆորմացիա թաքցնելու դեպքերն այլեւս չեն կրկնվի: Մեկ օր անց մենք համոզվեցինք, թե ինչպես են կատարում նախարարի խոստումն իր իսկ ենթակաները:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/2010/08/04/dardzyal-hramanatarn-e-hoshotel-zinvorin/