Դերենիկ Գասպարյանի գործով նախնական դատական նիստ
00:00, January 18, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2011 թ. հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործը:
Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:
Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, և տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:
2010 թ. հունիսի 5-ին չորրորդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանի ծնողները որդուն տարել են դպրոց` մաթեմատիկայի քննության մասնակցելու համար և երեխային հանձնել դասղեկ Սուսաննա Կակոյանի և մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանի հսկողությանը, սակայն դպրոցում երեխաների համար պատասխանատու վերը նշված ուսուցչուհիները, զբաղված լինելով ոչ պայմանագրային աշխատանքով, երեխաներին թողել են առանց հսկողության, որի հետևանքով Դերենիկ Գասպարյանը մահացել է: