Դժբախտ պատահա՞ր, թե՞
00:00, November 9, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԿասկածներ կան, որ բանակում զինվորների ահաբեկման արդյունքում եղած մահվան դեպքերը կոծկվում են դժբախտ պատահարների կամ ինքնասպանության վարկածների միջոցով:
Գայանե Մկրտչյան, Կովկաս
Արդեն երեք տարի է` ամուսիններ Գոհար և Սուրեն Օհանջանյանները փորձում են պարզել` ինչու եւ ինչից է մահացել իրենց որդին` Տիգրան Օհանջանյանը:
Տիգրանը հայկական բանակում ծայր առած ինքնասպանությունների եւ դժբախտ պատահարների ալիքի տասնյակ երիտասարդ զոհերից մեկն էր միայն:
Տիգրանը զոհվել է 2007 թ. օգոստոսի 30-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում: Ըստ հինգ հատորանոց քրեական գործի` Տիգրանը ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել զինվորական մասից, կպել է զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին եւ էլեկտրահարվել: Սակայն, պաշտոնական վարկածը, որին չեն հավատում նաեւ ծնողները, առ այսօր չի ապացուցվել:
Որդեկորույս ծնողները համոզված են, որ տղային ծեծել են, գուցե նաեւ խեղդել, իսկ հետո վզի վերքն էլեկտրահարել, որպեսզի վերացնեն սպանության հետքերը եւ դարձնեն դժբախտ պատահար:
«Մահվանից երեք տարից անց էլ չեն կարողանում քրեական գործն ապացուցել, որ իբր Տիգրանը դժբախտ պատահարի զոհ է դարձել, – ասում է Տիգրանի մայրը` Գոհար Օհանջանյանը: – Ես անգամ ՊՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել եմ` կամ բացահայտեք իմ էրեխու սպանությունը, կամ ասեք` չեք կարող, ես իմ էրեխու շիրիմը քանդեմ, դիակը վերցնեմ ու գնամ»:
«Տղայիս, ինչպես իր ընկերներն են պատմում, ժամը 20-ի մոտերքը կանչել են առանձնազրույցի: Քանի որ 110 կգ քաշով սպորտսմենին մի քանի զինծառայող ծեծել չէր կարող, դրսից մարդ է կանչված եղել: Սա արդեն խմբակային սպանություն է, որն էլ փորձում են քննիչներն ու դատախազությունը թաքցնել», – ասում է զինվորի հայրը` Սուրեն Օհանջանյանը, ում մի քանի անգամ ահաբեկել ու սպառնացել են անծանոթ մարդիկ, ասելով, որ կվերացնեն ողջ ընտանիքը, եթե շարունակեն «խորանալ տղայի սպանության մեջ»:
«Եթե էլեկտրահարվել է իմ որդին, ո՞վքեր եւ ինչո՞ւ են մեզ սպառնում: Ես ասում եմ, որ հայկական բանակը` բարդակ է: Եթե բարդակ չլիներ, ինչ գործ ուներ իմ էրեխեն այդ ժամին դրսում», – ասում է Տիգրանի մայրը:
Բանակային ռեֆորմների օգտին հանդես եկող մասնագետները նշում են, որ Տիգրանի դեպքից երեք տարի անց էլ դժբախտ դեպքերը հայկական բանակում, որոնք հաճախ որակվում են «ինքնասպանություն կամ դժբախտ պատահար», չեն նվազում:
Ըստ պաշտպանության նախարարության կայքէջի տվյալների` այս տարվա հունիսի 27-ից հոկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանակի տարբեր զորամասերում ինքնասպան եղել կամ դժբախտ պատահարների զոհ են դարձել 9-ը պայմանագրային և ժամկետային զինծառայող:
Ողբերգական դեպքերը, որոնք բարձրացրին հասարակության դժգոհությունը բանակի նկատմամբ, հնչեցին ՊՆ նախարարի հրաժարականի կոչեր:
Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում` ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ զինված ուժերում միջադեպերն ու արտակարգ դեպքերն այնքան էլ շատ չեն, ուղղակի դրանք չափից դուրս մեծ հանրային արձագանք են գտնում:
«Ես չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում ճիշտ էր պաշտպանության նախարարության դեմ նման լայնածավալ արշավ կազմակերպելը: Զինվորների մահվան ամեն մի առանձին դեպքում քրեական գործ է հարուցվել: Զինված ուժերում լուրջ քայլեր են կատարվում` կանխելու նման դեպքերը: Ես անձամբ հանդիպում եմ զոհված զինվորների հարազատների հետ», – հավաստիացրել է Օհանյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ հունվարից մինչ այսօր արձանագրել են զինվորի 31 մահվան դեպք, որից ութը եղել է հրադադարի խախտման պայմաններում: Այսինքն, այդ մահերը եղել են դիպուկահարների կրակոցներից` ղարաբաղա-ադրբեջանական սահմանային շփման գոտում:
Ըստ Սաքունցի` մտահոգիչը մահացության դեպքերի աճի կամ նվազման դինամիկան չէ, այլ այն, որ ամեն մի մահացության դեպքի վերաբերյալ վստահելի, համակողմանի, օբյեկտիվ քննություն չի կատարվում, եւ հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում, ինչը մեծացնում է տագնապը հասարակության շրջանում:
Բազմաթիվ անպատասխան հարցեր ու հասարակության բողոք առաջացրեց նաեւ հուլիսի 27-ին լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը, որը նախապես ինքնասպանություն էր որակվել:
Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, գրել էր. «Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային»:
Բողոքի հաջորդ ալիքը բարձրացավ, երբ ինտերնետային «youtube» կայքէջում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ երևում էր, թե ինչպես մի զինծառայող դաժան ծեծի է ենթարկում և ստորացնում հայկական ԶՈՒ համազգեստով երկու երիտասարդների: Տեսանյութը արագորեն տարածվեց նաև այլ կայքերում և սոցիալական կայքերում:
Մարդու իրավունքների ակտիվիստների խոսքերով` բանակում ահաբեկման դեպքերը քննության չեն ենթարկվում զինված ուժերի շրջանում կամքի բացակայության պատճառով:
«Խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցած զոհերի պատասխանատուները հիմնականում չեն ենթարկվում պատասխանատվության, հաճախ քավության նոխազ են դառնում թույլ օղակները, դատապարտվում են անմեղները, գործերը կոծկվում են, սա էլ ծնում է նոր հանցագործություններ», – ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը վերջին ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունից բողոքող 39 դիմում է ստացել:
«Բանակը պետք է զբաղվի այդ խնդիրներով, բայց մենք ևս պետք է զբաղվենք հասարակության ընդհանուր առողջացմամբ: Եթե դա տեղի չունենա, ապա բանակն իր միջոցներով չի կարող արմատախիլ անել այն երևույթները, որոնք գոյություն ունեն հասարակությունում», – ասում է ՄԻՊ Արմեն Հարությունյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տեսանյութում պատկերվածը որակել էր «դավաճանության ծանրագույն հանցանք»` նշելով, որ նման անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե´ւ ինքնասպանության, ե´ւ սպանության, և´ գերադասել փախուստը հակառակորդի մոտ:
«Բանակը ոչնչացվում է», – նշվել է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում իրար հաջորդած դեպքերի լուսաբանմանը, մեղադրել է ընդդիմադիր օղակներին այս ողբերգությունը քաղաքական միավորներ վաստակելու նպատակով օգտագործելու մեջ.«Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերվում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ այն երեւույթի մասին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ-անձնական, կուսակցական շահերից»:
Ըստ նախագահ Սարգսյանի` հայկական բանակը երբեք զերծ չի եղել պատահարներից:
«Բանակում չեն եղել տարիներ, երբ զինվոր չզոհվի, սպա չմահանա, դժբախտ պատահար տեղի չունենա, որովհետեւ մեր բանակը հսկայական, մեծ կառույց է, մեր բանակը գործող բանակ է, եւ վերջապես` յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը», – ասել է երկրի նախագահը:
Ներկայում խորհրդարանում քննարկվում է ՊՆ-ի առաջարկած «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը:
Օրինագիծը, որը սեպտեմբերին լսումներ է անցել Ազգային ժողովում, հստակեցնում է առաջին հերթին կարգապահական տույժի տեսակները` ըստ զինված ուժերի համապատասխան կազմի` շարքային, ենթասպայական եւ սպայական, նաեւ խրախուսանքի տեսակները:
Կա նաեւ սահմանված նոր դրույթ, որպեսզի զինվորները չկատարեն այնպիսի հրամաններ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Հստակեցվելու են հրամանատարների լիազորություններն ու պարտականությունները, ինչպես նաեւ զինվորների իրավունքներն ու պարտականությունները:
Աղբյուրը` http://www.a1plus.am/am/politics/2010/11/9/soldier-death