«Եթե մարդիկ առգրավված են, տարածքների առգրավումն արդեն զուտ տեխնիկական խնդիր է»
17:46, May 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՌուսաստանի աշխատանքային ներգաղթի եւ քաղաքացիություն ստանալու հետեւանքների մասին զրուցեցինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Ի՞նչ կարծիք ունեք Ռուսաստանի աշխատանքային ներգաղթի եւ քաղաքացիություն ստանալու պայմանների մասին:
-Պետք է հասկանալ, թե որն է Ռուսաստանի կողմից ընդունվող եւ ընդունվելիք որոշումների տրամաբանությունն ու նպատակը: Բոլոր ընդունվող որոշումները, օրենսդրական ակտերը, գործողությունները ուղղված են Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության զավթողական ու գաղութային քաղաքականության իրականացմանը: Սկզբից միգրացիոն օրենսդրությունը այլ բովանդակություն ուներ, բայց ընթացքում դա էլ փոխվեց, այլ բովանդակություն տրվեց, որ, չէ, կարող են մնալ եւ աշխատել Ռուսաստանի տարածքում, եթե ընդունում են Ռուսաստանի քաղաքացիությունը, ընդ որում՝ ընդունել ոչ թե երկքաղաքացիություն, այլ՝ հրաժարվելով քո հիմնական երկրի քաղաքացիությունից: Այսինքն՝ սա կոչվում է արդեն մարդկանց բռնակցման քաղաքականություն: Այդ օրենսդրության միջոցով տեղի է ունենում քաղաքացիների ներգրավում կամ բռնակցում, որի միջոցով նաեւ տարածքների բռնագրավում, որովհետեւ դե ֆակտո, երբ հետխորհրդային երկրների քաղաքացիների մեծ մասը ընդունում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, դա նշանակում է նաեւ դեմոգրաֆիական վիճակի փոփոխություն, նաեւ քաղաքացիական կարգավիճակի փոփոխություն: Դա նշանակում է նաեւ լրացուցիչ գործոն եւ այդ երկրների քաղաքական վիճակի վրա ազդելու հնարավորություն՝ կամքի թելադրում:
-Արդյո՞ք սա Մաքսային միությանը անդամակցելուն հաջորդող քայլերից մեկն էր:
-Մենք արդեն ունենք բավարար տեղեկատվություն, պատկերացում՝ հասկանալու համար, որ Մաքսային միություն ասվածը հենց նույն ռուսական զավթողական քաղաքականության ծրագիր է: Միություն ասածը պետք է մեծ վերապահումներով կիրառել, որովհետեւ միությունը ենթադրում է պոտենցիալ անդամների բարի կամքի եւ փոխադարձ համաձայնության հիման վրա կազմակերպված ձեւ՝ համատեղ ինչ-որ խնդիրներ լուծելու: Իսկ հատկապես հայաստանցիների համար, անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, հետագա քայլերի տրամաբանությունը հուշում է, որ դա ոչ թե միություն է, այլ ուղղակի անունն է էդպես, որովհետեւ դա ծրագիր էր, հենց զավթողական քաղաքականություն: Կապ չունի անունը ինչ դնենք՝ միություն, թե զավթողական քաղաքականություն: Մաքսային միությունը բռնազավթման կամ բռնակցման քաղաքականություն է, հետեւաբար՝ Ռուսաստանի բռնազավթման քաղաքականության գործիքներից մեկը նաեւ հանդիսանում է մաքսային միությունը:
-Ի՞նչ հնարավոր լուծում կարող է տրվել ստեղծված իրավիճակում:
-Հերթական անգամ անդամ երկրները ստիպված են լինելու կամ գնալ ռուսական ցարի ոտքը՝ խնդրելու, որ, այնուամենայնիվ, իրենց համար բացառություն արվի եւ իրենց քաղաքացիներին հնարավորություն տրվի երկքաղաքացիության կարգավիճակով ձեռք բերել ՌԴ¬ի քաղաքացիություն, կամ էլ դիմեն՝ իրենց ետ անդամագրեն ՌԴ-ում, որովհետեւ առանց մարդկանց՝ այդ երկրների գոյությունը, որպես այդպիսին, դառնում է անիմաստ: Սա է հեռահար նպատակը:
Սակայն այս երկխոսությունը չի ընդունվելու: Բացառությունների, երկխոսության համար ազատ տարածք թողնված չէ: Միակ տարբերակը այդ երկրներում ժողովրդավարության կայացումն է, ազատ շուկայական, իրավական պետության կառուցումը: Այսինքն, երբ հետխորհրդային երկրներում կառավարությունները, իշխանությունները որեւէ առաջարկ չունեն իրենց քաղաքացիներին՝ նրանց պահանջները բավարարելու, ապրելու, կենսագործելու, սովորելու, այդ իրավիճակում ամենավատթարագույն տարբերակը, որ առաջարկում է այս պահին ՌԴ¬ը, գոյատեւելն է, եւ այն դառնում է միակը, ու քաղաքացիները ստիպված գնում են այդ տարբերակին: Իշխանությունները պետք է մտածեն իրենց երկրներում ստեղծել այնպիսի վիճակներ, որպեսզի լավագույն տարբերակն իրենք առաջարկեն, ոչ թե այլ երկրների իշխանությունները, իսկ առայժմ էդպիսի առաջարկություն չի ներկայացվել: Մենք տեսնում ենք ահագնացող, ինտենսիվ տեղի ունեցող արտագաղթ, որը չես կարող կասեցնել կամ դադարեցնել, որովհետեւ մարդիկ ապրելու հնարավորություն չունեն եւ հակված են գնալ այնտեղ, որտեղ քիչ թե շատ հնարավորություններ կան կենսամիջոցներ հայթայթելու: Արտագաղթը ամեն ինչ է. եթե մարդիկ առգրավված են, տարածքների առգրավումն արդեն զուտ տեխնիկական խնդիր է:
Աղբյուրը՝ www.asparez.am