Եթե պարզվի` զինվորներից մեկը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, մեղադրողները նոր անելիք կունենան
00:00, April 1, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2003 թ. Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 3 նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում են երկու ծառայակիցների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, ովքեր 3 տարի կալանքի տակ գտնվելուց հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին, և գործը նախաքննության ուղարկվելուց հետո կրկին հայտնվեց դատարանում: Բայց քանի որ մեղադրող կողմն այդպես էլ չընդունեց նախաքննության ընթացքում իր կողմից թույլ տրված սխալները, մեղադրանքը չհանեց այդ երեք տղաների վրայից:
Վերջին նիստերից մեկի ժամանակ նոր ի հայտ եկած հանգամանքն այն էր, որ սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հոր պնդմամբ` 2004 թվականի դեկտեմբերի 31-ին հարևանի տնից խոսել է իրեն ծանոթ մի վարորդի հետ, ով տեղեկացրել է, որ Հովսեփը և նրա հետ կորած մյուս զինվորը հայտնաբերվել են և գտնվում են ռազմական ոստիկանությունում: Իր ասածը հաստատելու համար տուժող կողմը դատարան էր հրավիրել վկաներին` իր հարևաններին, որոնց ինքը հայտնել է իր ուրախության մասին: Վկաներից Արշակ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը եղել է Մովսես Մկրտումյանի տանը, իսկ վերջինս գնացել է իրենց տուն` զանգահարելու մի ծանոթի` տղայից լուր ստանալու համար:
«Ինքն ինձ ասաց, որ լավ լուր է լսել երեխայից, որ նա ռազմական ոստիկանությունում է… Այդ ուրախությունն այն էր, որ մի երկու օր առաջ ասում էին` չկա երեխան: Իսկ հիմա իմացել էր, որ ողջ-առողջ է», – նշել է Արշակ Հարությունյանը: Հաջորդ վկան Մկրտումյանների մյուս հարևան Գարիկ Կարապետյանն էր: Նա շատ լավ հիշում էր, որ Հովսեփից լուր ստանալու համար 2004-ի դեկտեմբերի 31-ին զանգել են ոմն զինվորական Սաշայի: Գարիկ Կարապետյանը դատարանում պնդել է, որ հարցրել են կոնկրետ Հովսեփ Մկրտումյանի մասին. «Դեկտեմբերի 31-ին, մենք ծանոթ ունեինք, զանգեցինք իրեն, ասացինք, որ երեխան չկա: Ինքը կապվեց, իմացավ, որ երեխաները ոստիկանությունում են: Հետո` արդեն հունվարի 2-ին, Մովսեսն ասաց, որ երեխաները չկան: Նրանք դարձյալ կապ էին հաստատել Սաշայի հետ, որը տեղեկացրել էր, թե սխալմունք է եղել, ոստիկանությունում գտնվողներն այլ զինվորներ են:
Եթե հաստատվի, որ Հովսեփը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, ուրեմն մեղադրող կողմը հավանաբար ստիպված կլինի հրաժարվել այս մեղադրանքից, մանավանդ որ` այլ ապացույցներով և վկաներից Արման Գրիգորյանի ցուցմունքով հերքվում է, որ ամբաստանյալներն են սպանել տղաներին:
Հիշեցնենք այն. 2003-ի դեկտեմբերի 24-ին, ընթրիքից հետո շարքային զինծառայող Արման Գրիգորյանը, երբ գնացել է զուգարան, տեսել է, թե ինչպես համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը և Երվանդ Պետրոսյանը, ովքեր հեղինակություն են եղել զորամասում, Սամվել Պետրոսյանի միջոցով զորամասից դուրս են տարել Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին: Քիչ անց լսվել են դուրս տարված տղաների օգնության կանչերը և Ղևոնդ Եգորյանի, Վահե Հովհաննիսյանի խոսքերը. «Սա դեռ քիչ է, այնքան պետք է ծեծենք, որ մեռնեք»: Այդ մասին նա ցուցմունք է տվել հունվարին` տղաների դիակները հայտնաբերելուց հետո. ծեծող անձանց հետ առերես հարցաքննության ընթացքում նա պնդել է, որ ձայները լսելուց հետո, երբ դուրս է եկել զորամասից, տեսել է, թե ինչպես են նրանք չորսով սպանում տղաներին, որից հետո նրանց դիակները տանում, գցում են ջուրը: Նրանք 2004-ի հունվարի 19-ին կալանավորվում են` սպանության մեղադրանքով, սակայն ժխտել են իրենց առնչությունը սպանությանը` պատճառաբանելով, որ Արման Գրիգորյանն իրենց զրպարտում է:
Դրանից մեկ ամիս անց, Արման Գրիգորյանը պաշտպանի ներկայությամբ խոստովանել է, որ նաև ինքն է մասնակցել երկու տղաների սպանությանը: Նա նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես են գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանը և գնդի «զամպալիտ», մայոր Կառլեն Մայիլյանը կանգնել կամրջի ձախ կողմում, Իվանի ավտոմեքենայից հանել երկու հոգու և գցել ջուրը:
Արման Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, և նրան ևս մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով: Նա դեպքն այսպես է նկարագրել. դեկտեմբերի 24-ին տեսել է, որ «սամավոլկա» գնալու համար Ռոմանին և Հովսեփին հայհոյում ու ծեծում են Ղևոնդը և Վահանը: Նրանց է մոտեցել «կամբատ» Իվանը և իմանալով, որ նրանց ծեծում են «սամավոլկա» գնալու համար, գետնից ինչ-որ բան է վերցրել (փայտ, թե երկաթ` չգիտի, մոտ 50 սմ երկարությամբ) և սկսել երկուսին էլ հարվածել:
«Զամպալիտը» և Վահանը ծեծել են Ռոմանին, իսկ «կամբատը» և Մաճին` Ղևոնդը, Հովսեփին: Ծեծից հետո նրանք ընկել ու չեն շարժվել: Հովսեփին ու Ռոմանին գցել են «Վիլիս» ավտոմեքենայի բեռնախուցը, իսկ երբ նկատել են իրեն` Արման Գրիգորյանին, հետները տարել են և ստիպել նրան, որ դիակները գցի ջուրը: «Կամբատը» իրեն զգուշացրել է, որ եթե որևէ մեկն այդ մասին իմանա, ապա իրեն կսպանի: Հետագա ցուցմունքներում Արման Գրիգորյանն ասել է, որ «զամպալիտն» ու «կամբատը» սպանության հետ կապ չունեն, այլ մյուս 4-ն են սպանել տղաներին: Իսկ ավելի ուշ ընդհանրապես հերքել է իր ցուցմունքները և դրանք որակել է սուտ, զրպարտություն, նրա նկատմամբ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն քրգործ չի հարուցվել սուտ ցուցմունքի համար:
Այդպես է եղել նաև մյուս վկայի` Արտաշատից զորակոչված Հարություն Հակոբյանի հետ, ով զորամասից փախնելուց հետո բռնվելով և հայտնվելով Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կալանախցում` մեղադրյալ Սամվել Պողոսյանի և ոմն Արթուր Ալեքսանյանի հետ, Պողոսյանից իմացել է, որ նա այդտեղ է գտնվում 6 հոգով երկու զինվորներին ծեծելով սպանելու և ջուրը գցելու համար, սակայն Հարություն Հակոբյանը հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքներից, և նրա նկատմամբ քրեական հետապնդում ևս չի իրականացվել: