Երիտասարդ խաղաղասերները կուսումնասիրեն պատերազմից տուժածների խնդիրները
00:00, November 27, 2008 | ՆորություններԵրիտասարդ խաղաղասերները կրկին հանդիպեցին Թբիլիսիում:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի 26 երիտասարդ խաղաղասերները, որոնց համախմբել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թբիլիսիում ծանոթացան ուսումնասիրություն անցկացնելու գործընթացի հմտություններին, տեղեկացան հարցազրույց վարելու տեխնիկային:
Առաջիկա երեք ամիսների ընթացքում երիտասարդ խաղաղասերները այցելելու են ղարաբաղյան հակամարտությունից տուժածների` փախստականների, անհայտ կորածների եւ նախկին ռազմագերիների ընտանիքներ:
Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով հարազատ, տուն կորցրած, նախկինում գերեվարված մարդկանց հետ հանդիպումների ընթացքում երիտասարդ խաղաղասերները կծանոթանան նրանց կենցաղային պայմաններին, կզրուցեն նրանց հիմնախնդիրների` սոցիալական, առողջական, տնտեսական և հոգեբանական դժվարությունների շուրջ, կարձանագրեն դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները` հետագայում հայկական եւ ադրբեջանական կառավարություններին ներկայացնելու համար:
«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Այն նպատակ ունի նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացներում երիտասարդների դերի բարձրացմանը եւ արդյունավետ մասնակցության ընդլայնմանը:
«Պետք է նախ բացահայտել, թե ինչպիսի խնդիրներ ունեն հակամարտությունից տուժած մարդիկ, որպեսզի հետագայում որոշենք, թե ինչ կարելի է անել դրանց լուծման ուղղությամբ»,-հանդիպման ընթացքում երիտասարդ խաղաղասերներին նշեց Ադրբեջանի Հումանիտար հետազոտությունների ասոցացիայի նախագահ Ավազ Հասանովը: Նա մասնակիցներին ծանոթացրեց ուսումնասիրություն անցկանելու մեթոդներին, առանձնահատկություններին:
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդ խաղաղասերները տեղեկացան պատերազմական բախումներից, հակամարտություններից տուժածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների գործունեության հետ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը, Classen Group-ը մեծ դեր են խաղում ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև խաղաղասիրության տարածման ուղղությամբ:
«Մեր նպատակն է հասնել նրան, որ լինի հստակություն, թափանցիկություն հակամարտությունից տուժածների խնդիրները բացահայտելու, նրանց վերադարձման կամ այլ խնդիրները առավել օբյեկտիվ լուծելու և աջակցելու վերաբերյալ»,- նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Երիտասարդ խաղաղասերներին սեփական փորձը ներկայացրեց Վրաստանի «Մոլոդինի» հիմնադրամի ղեկավար Նինելի Անդրիաձեն:
Վրաց-աբխազական պատերազմից տուժածների խնդիրներով զբաղվող վրացական այս կազմակերպությունը մեծ աջակցություն է ցուցաբերել ինչպես վրացի, այնպես էլ աբխազ անհայտ կորածների ընտանիքների խնդիրների լուծմանը` համագործակցելով աբխազ գործընկերների հետ:
Ն. Անդրիաձեի գլխավորությամբ խաղաղասերների խումբը Թբիլիսիում այցելեց «Անհայտ կորածների» թանգարան, որտեղ Վրաստանի «Սպասում» հիմնադրամի ղեկավար Նինելի Անդրիաձեն ներկայացրեց այս տարվա օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտությունից տուժածների մասին տեղեկություն, ցուցադրեց զոհերի լուսանկարները, ներկայացրեց խաղաղասիրական գործունեությունը:
Խաղաղասերների խումբը հանդիպման ընթացքում դիտեց հոլանդացի Սյուզան Կրոգերի «Հույսը վերջինն է մահանում» ֆիլմը, որը ղարաբաղյան հակամարտությունից անհայտ կորած հայ, ղարաբաղցի եւ ադբեջանցի մարդկանց ընտանիքների սպասումների եւ հավատի մասին է:
Երիտասարդ խաղաղասերները առաջիկա երեք ամիսներին իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ուսումնասիրության արդյունքները կզետեղվեն ռուսերեն եւ անգլերեն լեզվով տպագրվող գրքույկում, որը կներկայացվի հայկական եւ ադրբեջանական կառավարություններին: