Երկու ծանր հանցագործություն մի գիշերում
00:00, October 25, 2008 | Մամլո հաղորդագրություններԼոռու մարզում նախորդ օրը՝ երեկոյան, գրեթե նույն ժամերին սպանության փորձեր են արձանագրվել Ստեփանավանի տարածաշրջանում եւ Սպիտակ քաղաքում:
Մարզի դատախազ Կարեն Շահբազյանի գնահատմամբ՝ Սպիտակ քաղաքում, որտեղ վերջին տարիներին ծանր հանցագործություններ չեն արձանագրվել, միանգամից երկու հրազենով սպանվել է 4 մարդ:
Նախաքննությանը անհայտ դիմակավորված անձը երեկոյան ժամը 20:50-ին միանգամից երկու հրազենից կրակոցներ է արձակել քաղաքի կենտրոնական հրապարակից քիչ հեռու, գրեթե չլուսավորված տարածքում գտնվող վագոն-տնակի ուղղությամբ: Այդտեղ էին գտնվում սպիտակցիներ Ստյոպա Դիլբարյանը, Վարուժան Մարտիրոսյանը, Նշան Դանիելյանը եւ վանաձորցի Կարապետ Միսկարյանը: Կրակոցներից երկուսը տեղում մահացել են, մնացած երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Անհայտ անձի գնդակից կենդանի է մնացել սպիտակցի Գարուշ Մարությանը:
Թե ինչ էին անում երեք սպիտակցիները վանաձորցու հետ վագոն-տնակում, Լոռու մարզի դատախազը առայժմ հստակ ասել չի կարող: Կարեն Շահբազյանը որոշել է հետեւողական լինել ու բացահայտել երկու հանցագործություններն էլ:
44-ամյա վանաձորցի Կարապետ Միսկարյանը քաղաքում հայտնի էր իր շինանյութերի բիզնեսով ու մեծ ծանոթություններ ուներ ոչ միայն Վանաձորի, այլեւ Սպիտակի քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:
Լոռու մարզի դատախազը մի օրում, միմյանցից 10 րոպե տարբերությամբ կատարված հանցագործությունները միմյանց հետ չի կապում: Եթե Սպիտակի դեպքում նախաքննությանը հայտնի չեն հանցագործը ու դեպքի հանգամանքները, ապա Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի դեմ իրականացված սպանության փորձի հեղինակը հայտնի է: Ստեփանավանցի Արմեն Գրիգորյանը, ով ղեկավարում է կենսաթոշակային հիմնադրամը, որոշել էր պարզել, թե ինչու է նորընտիր քաղաքապետն աշխատանքից ազատել քրոջը: Արմենը քրոջ ամուսնու՝ Արթուր Աղաջանյանի եւ 7 ընկերների հետ Ստեփանավանից ուղեւորվել է Ամրակից գյուղում գտնվող քաղաքապետին պատկանող «Դրախտե ռեստորանային համալիր: Հարցի շուրջ վիճաբանելով՝ Արմենը նախաքննությանն անհայտ ծակող-կտրող գործիքով փորձել է երկու անգամ հարվածել քաղաքապետի պարանոցին: Ի պատասխան, Ղարաքեշիշյանը իրեն ամրակցված զենքից կրակոցներ է արձակել: Ըստ դատախազի՝ իր կամքից անկախ հանգամանքում Ղարաքեշիշյանը ոտնձգությունից, ինչպես նաեւ այդ անձանց հարձակումից պաշտպանվելու համար է կրակել: Կրակոցից տուժել են Արմեն Գրիգորյանն իր փեսայի հետ եւ ընկերներից մեկը: Մնացածը փախել են: Արմեն Գրիգորյանը դիմել է փախուստի, իսկ քաղաքապետն ու վնասվածք ստացած Արմենի փեսան՝ Արթուր Աղաջանյանը, ու ընկերը գտնվում են հիվանդանոցում:
Քրեական գործ է հարուցվել Արմեն Գրիգորյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 104 հոդվածներով՝ սպանության փորձ:
Լոռու մարզում նման դեպքերը կանխելու միակ ուղին դատախազ Շահբազյանը համարում է հանցագործությունների բացահայտումը: Չնայած մինչ այժմ բացահայտված չէ մարզի նախկին դատախած Ալբերտ Ղազարյանի սպանությունը:
Նաիրա Բուլղադարյան