Զանգը կեղծ էր, Փաշինյանի հետ ամեն ինչ կարգին է
00:00, April 21, 2011 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներՔաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին պատժախուց տեղափոխելու մասին լուրը, պարզվեց, կեղծ էր:
Ապրիլի 19-ին անհայտ մեկը զանգահարել էր ՀԺ-ի խմբագրություն եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են պատժախուց: Իսկ նախօրեին Նիկոլ Փաշինյանին չէր հասել կնոջ՝ Աննա Հակոբյանի նամակը:
Պատճառաբանել էին, որ հասցեն սխալ է գրված եղել՝ այն դեպքում, երբ մինչ օրս բոլոր նամակներն ուղարկվել են նույն հասցեով: Նամակի հետվերադարձը եւս տեղիք էր տվել կարծելու, որ Փաշինյանը պատժախցում է, քանի որ պատժախցում նամակներ չեն տրամադրվում: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը հերքեց այդ լուրը:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը պատժախցում չէ, ավելի ուշ հաստատեցին նաեւ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարությամբ: Դիտորդական խումբը «Արթիկ» ՔԿՀ էր այցելել ժամը 21:00-ի սահմանում եւ շուրջ 1 ժամ 20 րոպե սպասելուց հետո նոր միայն ներս մտել: «Մենք ներս մտանք այն բանից հետո, երբ ես ասացի, որ լրագրողներին տեղյակ կպահեմ, որ դիտորդների մուտքը քրեակատարողական հիմնարկ արգելվում կամ խափանվում է, եւ մեծ աղմուկ կբարձրացնեմ»,-ասաց Արթուր Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ դիտորդական խմբին ներս չթողնելու մասին պատրաստվում է առանձին հաշվետվությամբ դիմել արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ ավելացրեց, որ այսուհետ իրենց խմբի կողմից լինելու են ոչ միայն ցերեկային, այլեւ գիշերային այցելություններ: «Իհարկե, մենք անհանգստացած էինք Նիկոլի համար, բայց մեր այցելությունը շատ ավելի լայն նպատակ ուներ»: Սաքունցը հետաքրքրվել է, թե ինչ խնդիրներ կան, Փաշինյանը պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է:
Սաքունցի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկն արդեն 4 ծրար է վերցրել Փաշինյանից, որպեսզի հասցեատերերին ուղարկի:
ՀԳ – Երեկ ՔԿՎ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մեկ այլ քաղբանտարկյալի՝ Արամ Բարեղամյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը: Ապա հարցը քննելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որից հետո նա ազատ կարձակվի: