Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
16:55, April 22, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կ. Ղազարյանի, սկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ հիշյալ որոշմամբ առաջին ատյանի դատարանը մերժել էր ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջը: Վերջինս մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների փաստի առթիվ՝ հիմնվելով միայն ԶԼՄ-ներով կատարված հրապարակումների վրա:
2014 թ.ապրիլի 22-ի դատաքննությանը վարույթն իրականացող մարմինը, ինչպես նաև վերահսկող դատախազը չէին ներկայացել և նախապես դատարան էին ներկայացրել գրություններ, որոնցով իրենց համաձայնությունն էին հայտնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման իրավական վերլուծությունների վերաբերյալ՝ գտնելով, որ որոշումն օրինական է: Միաժամանակ, վերջիններս տեղեկացրել էին դատական նիստն իրենց բացակայությամբ անցկացնելու մասին:
Սույն գործով բողոքաբեր Ա.Սաքունցը միջնորդեց ապահովել վարույթն իրականացրած մարմնի և գլխավոր դատախազության ներկայացուցչի մասնակցությունը դատաքննությանը:
Նախագահող դատավոր Կ. Ղազարյանը հետաձգեց Ա.Սաքունցի միջնորդության քննարկումը և հրապարակեց ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, այնուհետև բողոքաբեր Ա.Սաքունցը ներկայացրեց վերաքննիչ բողոքի իրավական հիմնավորումները, որից հետո պնդեց նախապես ներկայացրած միջնոդությունը՝ դատաքննությանը մյուս կողմի ներկայությունն ապահովելու վերաբերյալ:
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց մինչև 2014 թ.մայսի 5-ը, ժամը14:00-ն:
Այս մասին այլ նյութեր՝ www.aravot.am