Զինվորը այլանդակ ձեւով ծեծվել է. իրավապաշտպանը զինվորի մահը սպանություն է որակում
00:00, August 30, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Վնասվածքները խայտառակ են` գանգուղեղային վնասվածքներ, ծակող-կտրող գործիքով աջ կողմից, երիկամի, ներքին օրգանների վնասվածքներ, աջ ականջի, աչքի վնասվածք…այսինքն, այլանդակ ձեւով ծեծվել է:
Վնասվածքների ծավալը կյանքի հետ անհամատեղելի է եղել»,-Henaran.am-ին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը`անդրադառնալով ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան հանգամանքներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին զինծառայողն անգիտակից վիճակում տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ/ քրեական գործ է հարուցվել, ձերբակալվածներ դեռեւս չկան:
Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարկավոր էր ոչ թե նշված, այլ սպանության հոդվածով գործը հարուցել.«Դա իրապես սպանություն է: Սկզբում հրամանատարը փորձել է հեքիաթներ տարածել, թե իբր նա էպիլեպսիկ է եղել, ուշագնաց է եղել, տարել են բուժկետ եւ այնտեղ մահճակալից ընկել է, վնասվածքներն էլ դրա հետեւանքով են առաջացել»,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպանը, ով անձամբ տեսել է զինվորի դին եւ մահվան վկայականը, որտեղ բազմաթիվ վնասվածքներ են նշված եղել, իսկ մահվան պատճառն «անորոշ» է ձեւակերպվել:
Արթուր Սաքունցը զրուցել է նաեւ զինծառայողի ծնողների հետ: Վերջիններս պատմել են, որ դեպքից 2 օր առաջ Աղասին հեռախոսազրույց է ունեցել մոր, տատի եւ քրոջ հետ: Մայրը իրավապաշտպանին պատմել է, որ որդին անտրամադիր է եղել, թե ինչ խնդիր է ունեցել, առայժմ հայտնի չէ: Աղասի Գեղամի Աբրահամյանը ծառայում էր տխրահռչակ «Եղնիկներ» զորամասում:
Աղբյուրը՝ http://henaran.am/?p=33021