Զինվորը մահացել է. հայրը չգիտի
07:20, February 23, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ փետրվարի 20-ին` ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իսկապես մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի զինծառայող, շարքային Նարեկ Մարտիրոսյանը: Նա հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել փետրվարի 16-ին` երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուդատիվ պլեւրիտ, անբավարար շնչառություն ախտորոշմամբ: Մերի Սարգսյանի փոխանցմամբ, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում պատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սարգսյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունները, որ նույն հիվանդությամբ նույն զորամասից հիվանդանոց են տեղափոխվել եւս մի քանի զինծառայողներ, որոնք այժմ շարունակում են բուժում ստանալ: Ասաց, որ ինքը տեղյակ է միայն մահվան դեպքի մասին: Այդ զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ ստանալ երեկ չհաջողվեց ոչ ՀՀ ՊՆ-ից, ոչ ԼՂՀ ՊԲ-ից:
Վայքի զինկոմ մայոր Կամո Հակոբջանյանը երեկ մեզ հայտնեց, որ զինծառայողի դին արդեն տեղափոխվել է տուն: «Ես մի բան ասեմ: Քաղաքացիական կյանքում նման դեպքեր լինում են ու շատ են լինում: Եղել ա դեպքը: Հիվանդություն է եղել, շուտ տարածվել է: Ինչ-որ եսիմ ինչ բաներ պետք չի մտածել: Քաղաքացիականում էլ է դեպք եղել, ես մի քանի դեպք գիտեմ, որ եղել են այսպիսի դեպքեր»,- ասաց զինկոմը` պնդելով, որ զինծառայողի մահվան հանգամանքների մասին ոչ մի «այլ բան» մտածել պետք չէ: Նա պատմեց, որ Նարեկը բանակ էր զորակոչվել անցած տարվա հունիսի 14-ին: «Մինչեւ բանակը ինքը առողջական խնդիրներ չի ունեցել: Դե, իրա մոտ արագ տարածվող թոքաբորբ է եղել: Իսկ զորակոչվելուց ինքը առողջ է եղել: Ուչեբկայում էլ է եղել: Ամեն ինչ նորմալ է եղել»,- ասաց Հակոբջանյանը: Նա պատմեց, որ Նարեկը մեծ եղբայր ունի, որը տարիներ առաջ նույնպես ծառայել էր ԼՂՀ պաշտպանության բանակում: «Նրանց հայրը հիվանդ է, երիկամների հիվանդություն ունի, Կարմիր Խաչի օգնությամբ հիմա Իտալիայում բուժվում է: Կարծեմ նա չգիտի էլ տեղի ունեցածի մասին ու չի էլ գալու: Այստեղ մայրն է ու պապը: Մենք էլ ինչով կարողանում` օգնում ենք: Զորամասի հետ գնացել էինք Երեւան, ինչով որ կարողացել ենք` օգնել ենք: Դե, տարբեր հարցեր են եղել: Հարազատների կողքը կանգնած ենք եղել: Էսօր Վայքի բոլոր ընտանիքներն էլ նույն օրի են: Գործ չկա, բայց ինչ-որ բան անում են: Էս ընտանիքը պապն է պահում: Աշխատում է, թոշակ ա ստանում: Մայրն էլ է աշխատում»,- պատմեց զինկոմը:
Սա առաջին դեպքը չէ, երբ հայ զինծառայողը մահանում է հիվանդության հետեւանքով: Դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից բանակում մահացել էր 18-ամյա Հայկ Խաչատրյանը: Հիվանդությունների հետեւանքով հայ զինծառայողների մահվան դեպքերը ԼՂՀ ՊԲ լրատվական բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը մեկնաբանեց կարճ ու կոնկրետ. «Հայկական բանակում տիրող պայմանները համապատասխանում են հիմնական ժամանակակից պահանջներին, իսկ ինչ վերաբերվում է ռազմաբժշկական ծառայությանը եւ այդ ոլորտին, ապա ամեն ինչ արվում է»:
Նույն հարցի շուրջ երեկ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցից:
– Զինված ուժերում բժշկական ծառայության տրամադրումը կախված է հրամանատարից: Այսինքն, բժիշկը կարող է ախտորոշում տալ, կարող է օգնություն տրամադրել եւ այլն, բայց բժշկական ծառայության ձեւը որոշում է հրամանատարը: Իսկ հրամանատարը զինծառայողի առողջական վատ վիճակը կարող է բնութագրել որպես սիմուլյանտություն եւ այլն, այսինքն` կարող է ինքը դեմ լինի, որ բժշկական ծառայություն մատուցվի զինծառայողին: Այսինքն, ընթացակարգն այնպիսին է, որ բժիշկն ու հրամանատարն են համատեղ որոշում բուժօգնության ձեւը: Բայց այդպես չպետք է լինի: Պետք է հստակ ձեւակերպվի, որ այսինչ դեպքը ենթադրում է ոչ շարային ծառայություն: Այդպիսի մի քանի դեպք մենք հիմա ունենք, որ բժշկական օգնությունը տրամադրվել է, բժիշկը առաջարկել է, որ զինծառայողը վիրահատվի եւ մեկ ամիս ադապտացիոն շրջան անցնի, բայց մենք ստանում ենք ինֆորմացիա, որ նրանք այդ զինվորից պահանջում են, որ նա միանգամից անցնի ծառայության:
– Այսինքն, նորից գալիս, հասնում ենք հրամանատարների անտարբերությանը ու ոչ բարեխիղճ ծառայությա՞նը:
– Այո: Հրամանատարների ոչ բարեխիղճ պահվածքին ու անբարեխիղճ մոտեցմանը: Այսպես կոչված, սալդաֆոնային մտածողությանը, որ եթե զինվոր է, պետք է ամեն ինչին դիմանա եւ այլն: Այս դեպքի վերաբերյալ երկու հարց կա, որ պետք է պարզել: Նախ` ի՞նչ պայմաններում է զինծառայողը հիվանդացել, ծառայության պայմաններից է դա բխել, թե պահման պայմաններից: Երկրորդը` երբ նա հիվանդացել է, արդյո՞ք պատշաճ բուժում, օգնություն ստացել է, թե ոչ, բժիշկը նրան զննե՞լ է, թե ոչ: Եթե զննել է, ի՞նչ ախտորոշում է տվել: Եթե, օրինակ, սխալ ախտորոշում է տվել, ապա ի՞նչ պայմաններում է դա եղել, ի՞նչ է արվել:
– Այսինքն` պարտադիր չէ՞, որ նման դեպքերում բժիշկը մեղավոր լինի:
– Այո, քանի որ այս դեպքերում հրամանատարի մոտեցումը էական նշանակություն ունի: Այստեղ (Նարեկ Մարտիրոսյանի դեպքը-հեղ.) ակնհայտ է, որ պատշաճ բժշկական օգնություն զինվորին չի ցուցաբերվել: Եւ շատ կարեւոր է, որ բժիշկներին այս դեպքերում չսարքեն քավության նոխազ, ինչպես դա արվեց ջրծաղիկի հետեւանքով մահացած զինծառայողի դեպքում: Այդ դեպքով միանշանակ ուզում են բժշկի վրա դնել ողջ պատասխանատվությունը: Այսինքն, եթե բժիշկը ճիշտ ախտորոշում անի, միեւնույն է` հրամանատարն է որոշում, թե զինծառայողը ինչ բուժում պետք է ստանա, կամ պետք է ստանա, թե ոչ: Գուցե բժիշկը ճիշտ ախտորոշում է տվել, բայց հրամանատարը թույլ չի՞ տվել, որ զինծառայողը պատշաճ բուժում ստանա:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/31703