Զորակոչիկների իրավունքները
00:00, November 17, 2008 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2008թ. նոյեմբերի 15-ին Վանաձորի «ԼոռիTV» հեռուստաընկերությունում կայացավ աշնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին նվիրված երկրորդ հեռուստաեթերը:
Եթերի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2008թ. ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը` այն է հասարակական վերահսկողության մեխանիզմների ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ:
Ներկայացվեց զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:«Զինված ուժերի կառույցը սկսվում է զորակոչից`սկզբնական փուլից եւ հետեւաբար մեր խնդիրն է` ուսումնասիրել հենց այդ փուլը»,- նշեց Ա. Սաքունցը:
Ուղիղ հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների հարցերը հիմնականում առնչվում էին զորակոչիկների առողջական խնդիրներին: Խնդիրն այն է, որ զորակոչիկների բուժզննության ժամանակ բժիշկների տված եզրակացությունը հաճախ չի համապատասխանում զորակոչիկների իրական առողջական վիճակին:
Այն հեռուստադիտողներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն խորհուրդ տրվեց այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
«Գարնանային զորակոչի ընթացքում մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ցավոք մեր պատանիները տեղյակ չեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, նրանց համար հասկանալի չէ բուժզննության անցկացման կարգը»,-նշեց ծրագրի ղեկավարը:
Ա. Սաքունցը տեղեկացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներգրավել է անկախ բժիշկ-փորձագետ եւ իրավաբան: Զորակոչի ընթացքում զորակոչիկների մոտ առկա առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքում նաեւ իրավական խորհրդատվության համար քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել ծրագրում ներգրավված բժիշկ-փորձագետի եւ անկախ իրավաբանի հետ: Եթերում ամփոփ ձևով ներկայացվեցին նաև գարնանային զորակոչի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա պատրաստվել էր զեկույց: Զեկույցը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում, որտեղից ստացվել են որոշակի արձագանքներ:
Ներկայումս իրականացվող աշխատանքների ընդհանուր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն Պաշտպանության նախարարություն, ստացված առաջարկությունների, մեկնաբանությունների և ընդհանուր արդյունքների հիման վրա կկազմվի ամբողջական զեկույց, որը կներկայացվի հանրային քննարկմանը:
«Մենք ակնկալում ենք քաղաքացիական դաշտի. ինստիտուտների, ներգրավմամբ իրավական դաշտի զարգացում, որպեսզի այն լինի կանխատեսելի թափանցիկ եւ մատչելի»,- վերջում կարեւորեց Ա.Սաքունցը
Տեղեկացնենք, որ հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ- Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ հեռուստաեթերներ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացնել Լոռու մարզի Ստեփանավան եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով: