Ընդդեմ գենդերային խտրականության
00:00, March 24, 2011 | Քննարկումներ2011 թ. մարտի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց «Ընդդեմ գենդերային խտրականության» խորագրով միջոցառում՝ նվիրված ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան՝ UNITED համաեվրոպական ցանցի ամենամյա ակցիայի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի ուսանողներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամեն տարի ակցիայի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ ուղղված տարբեր թեմաների ներկայացմանն ու քննարկմաննը: Այս անգամ հանդիպման թեման գենդերային խտրականությունն էր, որի նպատակն էր իրազեկել երիտասարդությանը ռասայական խտրականության, հատկապես, մեր իրականության մեջ գենդերային խտրականությանն ու հասարակության մեջ առկա կարծրատիպերի մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ու գերմանացի կամավորը մասնակիցներին ներկայացրեցին ռասայական խտրականություն հասկացությունը եւ խտրականության տարբեր դրսեւորումները, մասնավորապես գենդերային խտրականությունը եւ դրա դրսեւորման ձեւերը:
Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը` «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»՝ մասնակիցները փորձեցին մեկնաբանել եւ ներկայացրեցին իրավիճակներ, որոնցում նրանք երբեւէ զգացել են ոչ ազատ ու հավասար:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ տեսական գիտելիքներ, ինչպես նաեւ մասնակցել խմբային աշխատանքներին: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր աշխատանքը «սառած» պատկերների միջոցով, որպեսզի մյուսները կարողանան կռահել ներկայացված գենդերային անհավասարությունը:
Միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց կարծիքը հայտնեցին միջոցառման շուրջ եւ այն, թե ինչպես են արդեն պատկերացնում գենդերն ընդհանրապես եւ թե ինչ հնարավորություններ կան հաղթահարելու կարծրատիպերը:
Նրանք ծանոթացան նաեւ UNITED համաեվրոպական ցանցին եւ ներկայացված նյութերին:
Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ամեն անգամ ներգրավել երիտասարդների, որոնք տեղեկություն չունեն ընդհանրապես ներկայացվող թեմաների մասին եւ հետեւաբար հնարավորություն ունեն ձեռք բերել նոր գիտելիքներ եւ տարածել իրենց շրջապատում եւ իրենց հասակակիցների շրջանում: