ԸՆԴՈՒՆՎԵՑ
00:00, April 17, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը: Այն պատրաստել էին Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլումբիեն:
Հայաստանն երբեք չի կատարել այն պարտավորությունները, որոնք ամրագրված են եղել ԵԽԽՎ բանաձեւերում. այս մասին Հայաստանի ժողովրդավարական հաստատություների գործունեության մասին զեկույցը ներկայացնելիս` ասաց դրա համահեղինակ Ջոն Պրեսկոտը:
Նա նկատեց, որ երբ դեռ չէին հրապարակվել փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունների արդյունքները, արդեն ընդդիմությունը ցույց էր անում եւ բոլորն էլ գիտեին եւ օրինաչափ էին ընդունում, որ բողոքի ցույցեր էին լինելու:
Նա ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» ողբերգական դեպքերի արդյունքում 10 հոգի է զոհվել, 100-ից ավելի մարդ է ձերբակալվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի գտնվում էր տնային կալանքի տակ, հետո երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սահմանափակվեց խոսքի ազատությունը:
«Իսկ ցանկացած արտակարգ դրություն մարդու իրավունքների ոտնահարում է»,-ասաց Ջոն Պրեսկոտը:
Ըստ նրա` պետք է պարզել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին Երեւանում, անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն, ճշգրիտ գնահատականներ տալ, ազատ արձակել նրանց, ովքեր բռնարարքներ չեն գործել:
Նա զգուշացրեց, որ եթե Հայաստանի կողմից դրական ռեակցիա չլինի, ապա հունիսին ստիպված կլինեն անդրադառնալ Հայաստանի պատվիրակության` ձայնի իրավունքից զրկելու հարցին:
Նրան լրացրեց զեկույցի համահեղինակ Ջորջ Կոլումբիեն, որը եւս շեշտեց, որ պետք է անցկացվի անկախ, թափանցիկ հետաքննություն, մարդիկ, ովքեր արհեստական հիմնավորումներով ձերբակալվել են, պետք է ազատ արձակվեն, «Հանրահավաքների մասին» օրենքը պետք է փոփոխվի:
Ըստ նրա, մինչեւ դրանք չարվեն, չլինի երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ, Հայաստանի նկատմամբ վստահությունը Եվրոպայի խորհրդում կասկածի տակ է:
Զեկուցողներից հետո ելույթ ունենալու համար հերթագրվել են 16 պատվիրակ, որից 4-ը` հայ պատգամավորներ` Արմեն Ռուստամյան, Ավետ Ադոնց, Դավիթ Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյան:
Ելույթ ունենալու համար հերթագրվել են նաեւ 4 ադրբեջանցի պատգամավոր:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=59670