Ընտրաթերթիկներում պետք է ներառել «բոլորին դեմ» տողը. Արթուր Սաքունց
07:08, May 10, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունքԱնվավեր քվեաթերթիկները ներկայում, օրենքի համաձայն, որևէ ազդեցություն չունեն ընտրության արդյունքների և անճշտությունների ամփոփման ժամանակ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն, անվավեր քվեաթերթիկների թիվը հիմնականում մեծ էր մեծամասնականի դեպքում, մոտ 50 %-ը գիտակցաբար էր իր քվեն անվավեր դարձրել:
Մինչ ընտրությունները գրասենյակը դատական գործընթաց էր նախաձեռնել, որ «բոլորին դեմ» հորիզոնական գիծ նշվի ընտրաթերթիկում, և վարչական դատարանը որոշում կայացրեց, որ պահանջը հիմնավոր չի: ԸՕ-ի համաձայն՝ ԿԸՀ-ն է ձևը որոշում, իսկ օրենքով ասվում է, որ «դեմ» տողը կա, եթե մեկ թեկնածու է առաջադրված, իսկ մեկից ավելիի դեպքում միայն կողմ կա: Ըստ Ա. Սաքունցի՝ սա ընտրական իրավունքի հավասարության սկզբունքի խախտում է: ԿԸՀ-ն «բոլորին դեմ» տողի չմտցնելը պատճառաբանում է ԸՕ-ի նորմերով, բայց Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը և իրականացնում է իր իշխանությունը հավասար սկզբունքով իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով:
«Ընտրողի ձայնը պետք է կախված չլինի թեկնածուների թվից, իսկ ԿԸՀ-ն այս պարագայում սահմանափակում է ընտրողի իրավունքը»,- ասաց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ իրենք դատարանում հղում են արել ՍԴ նորմին, սակայն պարզվել է, որ ԿԸՀ-ն ԸՕ-ն գերադասում է Սահմանադրությունից:
Առաջիկա 6 ամսում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմելու է ՍԴ՝ ԸՕ այդ նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու համար:
«Տվյալ դեպքում իրապես չի ապահովվում ընտրության իրավունքի սկզբունքը: Բացի դա պետք է ձայնը վավեր համարվի և արդյունքների ամփոփման ժամանակ հաշվի առնվի նաև դա: Այժմ, եթե ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկում և չի ընկալում որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի, հաշվի չի առնվում: «Բոլորին դեմ»-ը հանելով՝ ընտրողի ազդեցությունը իշխանության ձևավորման վրա նվազեցնում են, որը հակաժողովրդավարական է»,- շեշտեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցած 1 մլն 574 հզ. 430 քաղաքացիներից 53 հզ. 812-ի քվեաթերթիկներն անվավեր են եղել: