Ընտրախախտումները շարունակվում են
19:27, May 6, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդները ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում շարունակում են արձանագրել մի շարք խախտումներ, մասնավորապես՝
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/09 և 7/10 ընտրատեղամասերում ընտրողները քվեարկության են եկել նոր անձնագրերով, որոնց տրման ամսաթիվը մի քանի տարվա վաղեմություն է ունեցել, սակայն անձնագրից ակնհայտ երևացել է, որ այն լրիվ նոր է:
- Թիվ 7/09 ընտրատեղամասում նույն քվեախցիկում քվեարկել են միաժամանակ 2 հոգի:
- Թիվ 7/08 ընտրատեղամասում մեծամասնական քվեաթերթիկների մեկ փաթեթ կնիքված չի եղել:
- Թիվ 7/6 ընտրատեղամասում ինքնուրույն քվեարկել չկարողացող կնոջ oգնել է մի քաղաքացի, որը առանց անձնագրի է եղել, տվյալները չեն գրանցվել, դիտորդը զգուշացրել է հանձնաժողովի նախագահին, սակայն չի արձանագրվել:
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/6 ընտրատեղամասում, ըստ դիտորդի` պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանի վստահված անձը՝ Արմեն Իսրայելյանը, ընտրողներին ուղղորդել է: Ընտրելուց հետո մարդիկ ընտրելու վերաբերյալ գլխով նշան են տվել վստահված անձին:
- Թիվ 7/10 ընտրատեղամասում ընտրողը երկրորդ անգամ է ցանկացել ընտրել, սակայն հանձնաժողովը, ճանաչելով նրան, չի թույլատրել: Ընտրողը չի համաձայնվել` նշելով, որ ընտրության դեռ չի մասնակցել: Կազմակերպության դիտորդը դիմել է նախագահին արձանագրություն կազմելու համար: Նախագահը պատասխանել է, որ ընտրողները քույրեր են եղել և շփոթել են անձնագրերը:
- Թիվ 7/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դիտորդը իրավունք չունի մասնակցել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին, սակայն դիտորդի կողմից օրենքի համապատասխան կետը նշելուց հետո թույլատրվել է:
- Թիվ 7/27 ընտրատեղամասում ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը:
- Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ թիվ 11-րդ դպրոցում ընտրակաշառք է բաժանվում:
- Ահազանգ է ստացվել, որ 6-րդ դպրոցի մոտակայքում ՀՀԿ-ի շտաբում ընտրակաշառք են բաժանում: Կազմակերպության դիտորդները ժամը 19:30-ն ընկած ժամանակահատվածում մեկնել են նշված վայր: Շտաբի դռները փակ են եղել, սակայն բակում սպասող կինն ու տղամարդը նշել են, որ շտաբի աշխատակիցները գնացել են գումար բերելու և իրենք էլ դրան են սպասում: Դիտորդներին նույնպես հորդորել են սպասել: Շտաբի մոտ կանգնած տղամարդը նշել է, որ կարող են դիտորդները գնալ տեղամաս և տեղամասում գտնվող ոմն Վազգենը հնարավոր է, որ գումարը այնտեղ վճարի:
- Թիվ 29/21 և 30/19 ընտրատեղամասերում արձանագրվել են կուտակման դեպքեր: Տվյալ տեղամասերի դիտորդները նախագահներին հայտնել են այդ մասին, սակայն վերջիններիս կողմից ոչ մի գործողություն չի ձեռնարկվել:
- Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղակայված թիվ 30/18 ընտրատեղամասում գյուղապետը, ով հանդիսացել է ՀՅԴ-ի վստահված անձ, խոչնդոտել է ընտրական գործընթացը: Մասնավորապես, դիտորդի ներկայության ժամանակ վիճաբանել է հանձնաժողովի նախագահի, այնուհետև հանձնաժողովի անդամի հետ: Դիտորդի միջամտությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն:
- Թիվ 29/21 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել լրագրողին քաղվածքներ վերցնել գրանցամատյանից:
- Թիվ 29/03 ընտրատեղամասի բակում առկա է եղել ՀՀԿ-ի 3 դրոշ:
- Թիվ 30/30 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը դիտորդության ընթացքում հանձնաժողովի նախագահին հայտնել է, որ հանձնաժողովի անդամը անձնագրում կնիք է դնում առանց ընտրողի նկարին նայելու: Հանձնաժողովի նախագահի ցուցումով խնդիրը վերացվել է: Նույն տեղամaսում դիտորդը հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ վստահված անձը շատ մոտ է կանգնած ընտրախցիկին: Այս հարցը ևս լուծվել է:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացնում Վանաձոր, Երևան, Իջևան և Գյումրի քաղաքներում:
Խախտումների վերաբերյալ համապատասխան մարմիններին ուղարկված գրություններ:
Գրություններ