Ըստ Արթուր Սաքունցի՝ պաշտպանության նախարարը ևս իր գրությամբ խոստովանում է, որ ՀՀ ԶՈՒ են զորակոչվում հիվանդ զինվորներ
12:14, October 30, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի տրամադրության տակ կա փաստաթուղթ, որում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրում է, որ Հայաստանի զինված ուժերի սպաները թուլակազմ և թուլամիտ զինվորների հետ աշխատանք տանելու պատշաճ պատրաստվածություն չունեն:
Այս մասին այսօր Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավարը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Նաև, այո, գրել է «թուլամիտ», և ես կհրապարակեմ էդ թուղթը»,- հայտարարեց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ դա ևս մեկ վկայություն է, որ բանակ են զորակոչվում հիվանդ զորակոչիկներ:
Իրավապաշտպանը, վկայակոչելով տարբեր երկրների փորձը, նշեց, որ եթե պետությունն ուզում է համալրել զորակոչը, բայց ոչ հիվանդ զինվորների հաշվին, պետք է բարի լինի, 14 տարեկանից լուծի պոտենցիալ զինվորների առողջական խնդիրները:
«Եվ դա պետք է արվի անվճար: Արդյոք դա այդպե՞ս է, թե ոչ»,- հարցրեց իրավապաշտպանն ու ինքն էլ հայտարարեց, որ ոչ:
«2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և զինակոչիկի իրավունքները» թեմայով զեկույցի հեղինակի տեղեկացմամբ՝ կա առնվազն 17 դեպք, որոնց դեպքում իրենց կարծիքով՝ զորակոչիկները չպետք է զորակոչվեին բանակ:
Ըստ Արթուր Սաքունցի՝ հիվանդ տղաներին բանակ զորակոչելու հետևանքը նաև լինում են ոչ կանոնադրական հարաբերությունները և արատավոր բարքերը բանակում, որովհետև եթե ֆիզիկական կամ առողջական սահմանափակ հնարավորությունների տեր զինվորը ինչ-որ բան անել, օրինակ՝ փայտ կոտրել չի կարողանում, իսկ մյուսը անում է, սա, ի վերջո, հանգեցնում է նրան, որ նրան ծառայակիցները դա ստիպում են անել: Կամ էլ՝ նվաստացնում են ու առաջարկում աման լվանալ, եթե փայտ կոտրել չի կարողանում:
Արդյունքում՝ լինում են ինքնասպանություններ՝ անձի նվաստացման հողի վրա և սպանություններ ու խոշտանգումներ՝ միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:
Ի պատասխան հարցադրման, որ Հայոց բանակը համալրման կարիք ունի, Արթուր Սաքունցը հայտարարեց. «Ստալինգրա՞դն է, որ սաղ վիրավորներով լցնենք խրամատը, որ պաշտպանենք»:
Արթուր Սաքունցը նաև հայտարարեց, որ չնայած այլընտրանքային ծառայության ներդրմանը, 444 «Եհովայի վկա» է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, որոնց մեջ եղել են երկու-երեք մոլոկան, իսկ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդներից 1265-ը տարկետման իրավունք է ստացել:
Tert. am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Կան երկուստեք գործակցության մեխանիզմներ, որոնց Արթուր Սաքունցը հարյուր տարի է՝ տիրապետում է և բողոքելու փոխարեն լավ կանի՝ դիմի մեզ՝ թերությունները վերացնելու, ինչը և անում է»:
ՊՆ մամուլի քարտուղարը նաև նշեց, որ իրավապաշտպանը նախկինում ևս իրենց հետ աշխատել է՝ «ըստ հասցեների, ծնողների, անունների», ինչի արդյունքում շատ դեպքեր վերանայվել են, բայց եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:
Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Ունի, թող հրապարակի»:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/10/30/saqunc/
Տես նաև` – Ինչու չի ապահովվում զորակոչիկների բժշկական զննության կարգը. Սաքունցը ահազանգում է – 1in.am
Զորակոչիկների առողջական վիճակը չի հետազոտվում ամբողջությամբ.Արթուր Սաքունց – Operativ.am
Իրավապաշտպանը պնդում է՝ Սեյրան Օհանյանը խախտում է մարդու իրավունքները – aravot.am