Ըստ Արթուր Սաքունցի՝ 15-ամյա մարզիկի սպանության համար մեղադրվողի նկատմամբ ցուցաբերվել է «մենթական մոտեցում»
06:00, October 28, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաշվի առնելով մի շարք գործոններ, գտնում է, որ օրեր առաջ Վանաձորում մրցումների մեկնած Երևան քաղաքի բնակիչ 15–ամյա Դավիթ Հովակիմյանի սպանությանմեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի հանդեպ նախաքննությունը՝ սպանության մեղադրանք առաջ քաշելու, օբյեկտիվ հիմքեր չի ունեցել, ավելին՝ եղել է «մենթական մոտեցում»:
Նախ հայտնաբերված չէ սպանության գործիքը՝ դանակը, որով, իբր, կատարել է հանցագործությունը, դեպքի օրը՝ իրեն մեղսագրվող սպանությունից հետո, եղել է աշխատանքի վայրում, հագուստը չի փոխել, թաքնվելու փորձեր չի արել, և վերջապես, ըստ իրավապաշտպանի՝ սպանվածի ընկերների վկայությունները կարող են կանխակալ կարծիքի ազդեցության ներքո լինել:
Tert.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ավելացրեց. «Եղել է առերեսում, և սպանվածի խմբի տղաներն ասել են՝ ինքն ա, բայց դանակահարո՞ղը, թե՞ տեսել են այգում, չեն նշել: Բացի այդ, երբ մեկին ձեռնաշղթաներով բերում են առերեսման, կանխակալ վերաբերմունք է ձևավորվում»:
Արթուր Սաքունցի համար, ով հանդիպել է ամբաստանյալի մոր և նրա փաստաբանի հետ, անհասկանալի է նաև սպանության մոտիվացիան:
Հիշեցնենք, որ Կարեն Կունգորցևը նամակ էր փոխանցել լրատվամիջոցներին՝ խնդրելով հրապարակել այն և նշել, որ. «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե Կունգորցևն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում։
«Նշեմ առաջին պատճառը. ես ոստիկանությունում ասել եմ, որ հանցագործության հետ կապ չունեմ, ասեմ ավելին՝ դեպքի օրը եղել եմ աշխատանքիս վայրում։ Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հաղորդում տվեցին այն մասին, որ Կարեն Կունգորցևը խոստովանել է կատարած հանցագործությունը։ Հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և կատարված հանցագործությանն այլ ընթացք է տալիս։ Ես դեպքի հետ կապ չունեմ։ Պահանջում եմ իրական մարդասպանին բացահայտել»,- իր նամակում գրել է Կունգորցևը։
Արթուր Սաքունցը նշեց, որ « «Հերթապահ մասի» կողմից ցուցադրվող տեսանյութում երևում է, որ Կունգորցևը շեղել է իր ուղղությունը, բայց թե ուր է գնացել, չի երևում:
Ինչ վերաբերում է «մենթական մոտեցմանը», ապա նա նշեց, թե քանի որ այդ օրը դատարան է մտել մեկ այլ քրեական գործ, որտեղ Կունգորցևը անցնում է որպես կասկածյալ (նրա նկատմամբ եղել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոց), իսկ նախկինում՝ բանակում զինվորական ծառայության ժամանակ ինչ-որ դանակահարության գործով անցել է, հնարավոր է՝ ոստիկանները հարմար են գտել նրան դարձնել մեղադրյալ:
«Ինչը, եթե այդպես է, «մենթական» մոտեցում է, որովհետև եթե մարդը գողություն է արել, դա դեռ չի նշանակում, որ նա մարդ է դանակահարել»,- ասաց Արթուր Սաքունցը։
Նա նշեց, որ КГБ-ի Արտակի 16-ամյա որդին եղել է երևանցի մարզիկների հետ կռվի մտած վանաձորցիների խմբում:
Իրավապաշտպանը նաև մի շարք հարցականներ ունի՝ կապված նրա հետ, թե արդյոք սպանվածին ցույց տրվե՞լ է պատշաճ բժշկական օգնություն: Եթե պարզվի, որ ոչ, ապա ըստ Արթուր Սաքունցի՝ նախաքննությունը պետք է Կարեն Կունգորցևի նկատմամբ հարուցեր ոչ թե սպանության մեղադրանք, այլ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու:
Մեր տեղեկություններով՝ կասկածյալի ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում:
Նշենք նաև, որ ըստ «Հայկական ժամանակի», Կունգորցևի մայրն ասել է, որ իր որդին և նույն խցում գտնվող Միհրան Մելքոնյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։ Միհրան Մելքոնյանը Կունգորցևի նամակի մեջ ևս գրել էր, որ անժամկետ հացադուլ է հայտարարում Կարեն Կունգորցևին անօրինական դատապարտելու դեմ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Վանաձոր ՔԿՀ-ում գտնվող Կարեն Կունգորցևը և Միհրան Մելքոնյանը հոկտեմբերի 22-ից հացադուլ են հայտարարել՝ բողոքելով քրեական գործերից։
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/10/25/kungorcev/