Թոմաս Համմարբերգի առաջին հանդիպումները
00:00, July 15, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը «զրուցակիցները քննարկել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը, մասնավորապես, անդրադառնալով անազատության մեջ գտնվող անձանց իրավական կարգավիճակի եւ մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության խորհրդարանական ձեւաչափի հետ կապված հարցերին: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին մոնիտորինգի հանձնաժողովում պետք է ներկայացնի զեկույց:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք հետաքննության եւ մեղավորներին պատժելու հարցում: Նա միաժամանակ ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող հետապնդվել քաղաքական հայացքների համար»:
Կիրակի օրը ժամը 15-ին Երեւանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության մուտքի մոտ մոտ հինգ Թոմաս Համմարբերգը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված քաղաքական գործիչների հարազատների հետ:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գասելն ընդունեց բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին:
Իսկ Թոմաս Համմարբերգի հետ հանդիպումից հետո «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը հայտարարել է «Պարոն Համմարբերգը մի կարեւոր հայտարարություն արեց, որ իր զեկույցից հետո, որը կլինի սեպտեմբերին, կա հավանականություն, որ որոշակի դեպքերում Հայաստանը ձայնից կարող է զրկվել նաեւ սեպտեմբերին: Այսինքն, նման խնդիր գոյություն ունի, նման հավանականություն կա: Եվ ինքը մեզ հավաստիացրեց, որ ինքը կլինի ազնիվ եւ ինչ որ լսել է, ինչ որ տեսել է, օբյեկտիվորեն կներկայացնի իր զեկույցում»:
Փաստաբանները Եվրախորհրդի հանձնակատարին որոշ տեղեկություններ են հայտնել հետընտրական շրջանում հարուցված քրեական գործերի մասին: «Հիմնականում ներկայացվել Քրեական օրենսգրքի 316 «Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը», 225 «Զանգվածային անկարգությունները» եւ 300 «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածները, թե ինչ ապացույցներ կան, եւ ներկայացվեց, որ հիմնականում առանց ապացույցների անձինք դատվում են: Տպավորությունը շատ լավ էր, որովհետեւ երեւում էր, որ քաջ տիրապետում է ստեղծված իրավիճակին եւ մարդու իրավունքները իրականում առաջնային են իր համար: Մեծ հույսեր ունենք, որ նրա հանդիպումից հետո Հայաստանում միգուցե ինչ-որ բան կփոխվի, հայտարարել են փաստաբանները:
Թոմաս Համմարբերգի այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավար անդամների, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը և Ավետիս Ավագյանը: ԵԽ ՄԻ հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գեսսելը, գրասենյակի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, միջազգային փորձագետ, նախկին դատավոր Յոհան Հիրշֆելդը (Շվեդիա): Համմարբերգն առաջին նախագահին ներկայացրել է իր առաքելության գլխավոր երկու ուղղությունները` մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի անկախության և վստահելիության ուսումնասիրությունը, ինչպես նաև քաղբանտարկյալներին և մարտի 1-ին հաջորդած ձերբակալություններին առնչվող գործընթացների ողջ շրջանակը: Առաջին նախագահը նշել է, որ մարտի 1-ից հետո ընդդիմության դեմ ձեռնարկված զանգվածային հալածանքների հիմք է ծառայել վերջերս իր կողմից հրապարակված, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի` հանրապետության բոլոր դատախազներին ուղարկված ապօրինի հանձնարարականը, որի հիման վրա ընդդիմության հազարավոր աջակիցներ ենթարկվել են ահաբեկումների, ծեծի, ձերբակալումների և այլօրինակ հալածանքների: Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են քաղբանտարկյալներին առնչվող հարցերի ամբողջ շրջանակը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին և ազատություններին վերաբերող խնդիրներ:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.hra.am/arm/?page=issue&id=18513