Ինչու՞ է զինվորը փախչում զորամասից.դրդապատճառները չեն բացահայտվում
00:00, February 24, 20072007 թ-ի փետրվարի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ նախագահությամբ Վ. Ղազարյանի, քննության առնվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Վաչիկի Հովակիմյանի ՀՀ Քր. օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով:
Նա մեղադրվում է այն բանում, որ, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 27229 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով Վանաձորի կայազորային հոսպիտալում, 07.12.06 թ-ին ինքնակամ թողել է հոսպիտալի տարածքը, իսկ 06.01.07թ-ին ներկայացել ՀՀ ՊՆ Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին ՝ ծառայության վայրից բացակայելով 3 օրից ավելի, բայց 1 ամսից ոչ ավելի տևողությամբ:
Դատարանում որպես Արմեն Հովակիմյանի պաշտպան հանդես է եկել ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը, որը միաժամանակ հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգողը: Պաշտպանը, հանդես գալով պաշտպանական ճառով, հայտնեց, որ Արմեն Հովակիմյանի կատարած արարքը բուժական հաստատությունից ինքնակամ թողնելու մասին ապացուցված է, սակայն թե° նախաքննության, թե° դատաքննության ընթացքում չեն պարզվել արարքի դրդապատճառները:
Ըստ պաշտպանի ՝ արարքի դրդապատճառները Արմեն Հովակիմյանի համար կրում էին խիստ անձնական բնույթ և այդ մասին նա չի կարողանում դատարանին հայտնել: Արմեն Հովակիմյանը դատաքննության ընթացքում ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը պատրաստ է ծառայությունը շարունակել ավելի դժվար պայմաններում, նույնիսկ մարտական առաջին գծում: Սա վկայում է այն մասին, որ Արմեն Հովակիմյանը իր ծառայության վայրում ունեցել է խնդիրներ, որոնք նրա համար առաջացրել են հոգեբանական այնպիսի վիճակ, ինչը նրան թույլ չի տվել գտնվել տվյալ միջավայրում: Այսինքն, Հովակիմյանը ունեցել է խնդիրներ ոչ թե ծառայության, այլ զինվորական համակարգի հետ, որոնքը պետք է լուծվեին զինվորական համակարգի սպաների միջոցով, սակայն չեն լուծվել:
Պաշտպանը նշեց, որ Արմեն Հովակիմյանը քրեորեն հետապնդելի արարք է կատարել առաջին անգամ, իսկ ներկայումս մեղսագրվող արարքը ոչ մեծ ծանրության է: Նա նախաքննության և դատաքննության ընթացքում կատարած արարքի համար զղջացել է, փախուստից հետո իրավապահ մարմիններին ներկայացել է ինքնակամ, նախաքննության ընթացքին չի խոչընդոտել: Արմեն Հովակիմյանի վարքը բնութագրվում է դրական, այսինքն ՝ Ա.Հովակիմյանի կողմից կատարված արարքի համար առկա են պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Պաշտպանը կարծիք հայտնեց, թե Արմեն Հովակիմյանը առանց հասարակությունից մեկուսացվելու կարող է ուղղվել և ծառայությունը շարունակել այլ զորամասում:
Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց Հովակիմյանին պատիժ նշանակել 2 ամիս ժամանակավոր կալանք: Պաշտպան Կարեն Թումանյանը միջնորդեց պատիժ նշանակել 1 ամիս կալանք, միևնույն ժամանակ միջնորդեց կիրառել ՀՀ Քր. օր-ի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատարանը Ա.Հովակիմյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քր. օր-ի 361 հոդվածի 1-ին մասով, և Հովակիմյանը դատապարտվեց կալանքի 1 ամիս ժամկետով :