Իվան Գրիգորյանը Մատաղիսի գործից հետո անհետացել է
16:36, January 14, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի գործով դատավարության արդյունքում գրեթե տասը տարի անց՝ 2012-ի դեկտեմբերի 18-ին, դատարանն արդարացրեց սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով: Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի հարազատները, պարզվում է, գործի առնչությամբ տարակարծիք են եղել հենց սկզբից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2006 թվականի դեկտեմբերի 22-ի` Վճռաբեկ դատարանի որոշումը (ապացույցները համարվեցին անհիմն և տղաներին դատարանի դահլիճից ազատ արձակեցին), Մովսես Մկրտումյանը՝ Հովսեփ Մկրտումյանի հայրը, ուներ հստակ դիրքորոշում՝ սպանության մեջ տղաները մեղավոր չեն:
Նա նշեց, որ թեև դատաքննության առաջին փուլում Ռոման Եղիազարյանի հորեղբայրը համակարծիք է եղել, բայց ավելի ուշ Ռոմանի մայրը դիրքորոշումը կտրուկ փոխել է և հենց տղաներին մեղադրել: Փաստորեն, տուժողների վարքագծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել:
Նախաքննության ամենասկզբում բոլորովին այլ մարդկանց՝ 4 զինվորների և Իվան Գրիգորյանի ուղղությամբ էր գործն ընթանում: Ա. Սաքունցի խոսքով՝ ցուցմունքներ կային նաև Իվան Գրիգորյանի դեմ, սակայն փոխվեց քննիչը, որը նոր ուղղությամբ գործը տարավ, որտեղ արդեն չկային Իվան Գրիգորյանը և չորս զինծառայողները և միայն երեք տղաներն էին: Իսկ ինչու այդպես փոխվեց, երբ որևէ հիմք չկար, որևէ մեկը հստակ պատասխան չի տալիս: «Եթե դու մերժում ես չորս զինծառայողներին և Իվան Գրիգորյանին, պետք է հիմնավորես, իսկ եթե չես մերժում, նշանակում է հարցը մնում է օրակարգում»,- ասաց Սաքունցը:
Հովսեփ Մկրտումյանն ի սկզբանե ասել է, որ իր տղան կարատեի է հաճախել, սև գոտի ունի և չէին կարող երեք մեղադրվող տղաները այդպես ծեծել նրան: Ակնհայտ է, որ այդ երեխան այնպիսի իրավիճակում է եղել, որ հնարավորություն չի ունեցել իր ունեցած պաշտպանական ռեսուրսն օգտագործել, և հնարավոր է, որ նա չի կարողացել պաշտպանական միջոցներ օգտագործել:
Իսկ թե ինչու է Ռոման Եղիազարյանի ծնողների դիրքորոշումը փոխվել, իրավապաշտպանը մեզանում ընդունված պրակտիկայով է բացատրում՝ կամ ծնողներին իրապես համոզում են, կամ սպառնում, իսկ սպառնալիքը կարող է այդ քրեական գործի հետ առնչություն չունենալ, բայց կենսական նշանակություն ունենալ տուժողի համար, արդյունքում՝ տուժողը հրաժարվում է իր շահերի օբյեկտիվ պաշտպանությունից և ենթարկվում է մեղադրող կողմի առաջարկած սցենարին, որը չի համապատասխանում իրականությանը:
Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ քրեական գործի մեջ նամակ կա, որը այն ժամանակ պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը գրել է այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և խնդրել՝ հաշվի առնելով, որ Իվան Գրիգորյանը պատերազմի հերոս է և զղջացել է, խնդրում ենք իր նկատմամբ մեղմ վարվել: «Ինչո՞ւ է գործում զղջացել Իվան Գրիգորյանը՝ քննությունը պատասխան չի տալիս, այդ նամակը հենց քրեական գործերի մեջ է մտնում, և ինչո՞ւ պետք է մեղմ մոտենալ՝ այդ հարցին նույնպես պատասխան չկա: 2004-ից մինչև հիմա ՀՀ-ում չենք հայտնաբերել Իվան Գրիգորյանին, նա վիրտուալ մարդ է դարձել, որևէ անգամ չկարողացանք հայտնաբերել նրան»,- ասաց իրավապաշտպանը:
Հիմա, երբ ապացուցվեց, որ տղաները որևէ կապ չունեն խնդրի առնչությամբ, երկրորդ պահանջը, ըստ Սաքունցի, պետք է լինի իրական մեղավորներին, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելը, և պետք է զբաղվեն տուժողների շահերի պաշտպանությամբ:
«Արդարությունը պետք է վերականգնվի, տուժողների իրավունքները պետք է վերականգնվեն, մենք հիմնավոր կասկածներ ունենք Իվան Գրիգորյանի մասնակցության մասին արդեն իսկ քրեական գործի նյութերից, և գործի քննությունը պետք է այդ ուղղությամբ շարունակվի»,- ասաց Ա. Սաքունցը: