Իվան Գրիգորյան, Կառլեն Մայիլյան, Միշիկ Արզումանյան… սրանք այն մարդիկ են, որ գալու են դատարան. Մատաղիսի գործը նորովի է սկսվում
05:41, October 24, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՄատաղիսի գործով տուժող 2004 թ-ին սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողները այսօր եկել էին Գյումրի՝ ռազմական ոստիկանություն՝ ծանոթանալու իրենց որդու սպանության գործի նոր նախաքննության ընթացքին:
2012 թ-ի դեկտեմբերից հետո, երբ հրապարակվեց Գյումրու ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով արդարացվեցին երեք ամբաստանյալ զինծառայողները, տուժողներից Հովսեփ Մկրտումյանի հարազատները նոր բողոք ներկայացրեցին ՀՀ զինդատախազություն՝ ըստ էության, գործի նոր քննություն սկսելու համար:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, նշեց, որ այս անգամ նրանք հույս ունեն, որ վերջապես 10 երկար ու ձիգ տարիներից հետո նրանց որդու սպանողները՝ իրական հանցագործները կբացահայտվեն եւ կհայտնվեն արդարադատության առջեւ:
«Իմ որդին զոհվել է 2004 թ.-ի հունվարի 9-ին, այսինքն՝ այդ օրը նրան ջրից են հանել՝ ծեծված, ջարդված, սպանված: Էս երկար ու ձիգ 9-10 տարիների ընթացքում գործը սխալ քննության վրա էր գնում, երեք անմեղ երիտասարդների էին դատում, այն էլ ցմահ բանտարկության, վերջը արդարացվեցին այդ երեխաները. 2012-ի դեկտեմբերի 18-ին արդար վճիռը կայացվեց: Հիմա այդ տղաները արդեն ազատության մեջ են, մենք ցանկանում ենք արդարություն, որ իսկական մեղավորները պատժվեն: Հիմա նախաքննությունը գնում է, տեսնենք՝ ինչով կավարտվի: Նոր քիչ առաջ մենք խոսում էինք քննիչի հետ, զգացինք, որ արդեն իրենք էլ մանրակրկիտ ուսումնասիրում են գործը, ասում են՝ մենք էլ ենք շահագրգռված, որ լինի ճիշտը, արդարը»:
Տիկին Գրետան ասաց, որ վստահ է, որ բոլոր նրանք, ովքեր անցած դատաքննության ընթացքում խուսանավել են եւ չեն ներկայացել դատարան, պատասխան են տալու օրենքի առաջ:
«Դեկտեմբերին, որ արդարացման վճիռը կայացվեց, հաջորդ տուժածի՝ Ռոման Եղիազարյանի մայրը եւ հորեղբայրը, ովքեր հանդիսանում էին իրավահաջորդ, նրանք բողոքեցին արդարության վրա, նրանք մինչեւ վերջ էլ պնդում էին, որ դատարանում հայտնված երեք զինծառայողներն են մեղավոր, իրենք ասում են՝ մեղավոր են եւ պիտի պատասխան տան: Իրենք բողոքեցին վերաքննիչ, նորից մերժվեցին, երիտասարդները արդարացվեցին, վճռաբեկում էլ, կարծեմ, գործը ընդհանրապես վարույթ չվերցրեցին: Որից հետո մենք արդեն բողոքեցինք ՀՀ զինդատախազություն, որ իսկական լրացուցիչ քննություն սկսեն եւ իսկական մեղավորներին հայտնաբերեն:
Մի տեսակ զգում եմ, որ այս անգամ արդարությունը պետք է բացահայտվի, այսքան երկարացնել չէր լինի, ես համոզված եմ, որ իրական մեղավորները, հանցագործները իրենց համար ազատ ման են գալիս: Գործն էլ այնպիսին է, որ միջազգային հնչեղություն ունի: Ինձ թվում է, որ գոնե մի անգամ արդարությունը պիտի հաղթի:
Հրամանատարական կազմից մինչեւ հիմա մենք դատարան չկարողացանք բերել Իվան Գրիգորյանին, որ իրենց հրամանատարն է: Ինքը եթե ինչ-որ բանում մեղավոր էլ չէր, ապա որպես հրամանատար պետք է գար եւ ներկայանար. երկու զինվորների համար պետք է գար եւ ներկայանար: Հետը կար Կառլեն Մայիլյան, Միշիկ Արզումանյան, ով մեր տուն էր ուղարկել Կիմ Բաղուրյանին՝ իբրեւ թե երեխաները կորել էին եւ եկել էին մեր տներում նրանց փնտրելու, ինչո՞ւ նրանք ոչ մեկը դատարան չներկայացան: Էդ ինչ հաշիվ ա, չհասկացա, ինչ էին ծածկում, ինչ էին կոծկում, դա մեր համար մութ է, պետք է բոլորն էլ պատասխան տան, եւ արդարությունը հաղթի: Հույսեր ունեմ, որ այս անգամ պիտի հաղթենք»,-ասաց զոհված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ տիկին Գրետան:
Նշենք, որ Մկրտումյանների հետ այսօր Գյումրի էր եկել նաեւ փաստաբան Հայկ Ալումյանը, ով արդարացված երեք ամբաստանյալների փաստաբանն էր:
«Մենք ծանոթացանք վարույթ իրականացնող մարմնի աշխատակիցների հետ, հասկացանք, որ գործ ունենք բարեխիղճ աշխատակիցների հետ: Հուսով ենք, որ այս գործով կկարողանան ճշմարտությունը պարզել եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Համենայնդեպս մեզ մոտ բավականին հույսեր առաջացան, երբ որ մենք զրուցեցինք նրանց հետ: Շատ մանրամասներ կան, որոնց մասին առայժմ չենք կարող խոսել: Այն ծավալով, ինչ ծավալով կարողացանք զրուցել, մեզ գոհացնում է»,-ռազմական ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց Հայկ Ալումյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Մատաղիսի գործում Հայկ Ալումյանը ամբաստանյալներին է պաշտպանել, հիմա ինչպե՞ս է պաշտպանելու տուժող կողմին, փաստաբանն ասաց.
«Ես իրավունք ունեմ տուժող կողմին ներկայացնելու, եթե իմ բոլոր 3 պաշտպանյալները այդ համաձայնությունը տան, հիմա բոլորն էլ այդ համաձայնությունը տվել են: Ասեմ նաեւ, որ ի սկզբանե մեր դիրքորոշումների մեջ որեւէ էական տարբերություն չի եղել, մենք պնդել ենք, որ այդ երեք ամբաստանյալները կապ չեն ունեցել սպանության հետ, Հովսեփ Մկրտումյանի ծնողները նույնպես պնդում էին, որ կապ չունեն այդ հանցագործության հետ: Նույն կարծիքի ենք եղել եւ հիմա էլ շարունակում ենք նույնակարծիք մնալ: Եւ ես չմերժեցի, երբ որ տուժողի ծնողները դիմեցին ինձ, որպեսզի ես իրենց իրավաբանական օգնություն ցույց տամ»: