Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին
00:00, November 15, 2008 | Նորություններ | Թմրամիջոցներ գործածողներ2008թ. նոյեմբերի 14-ին Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին ուղիղ հեռուստաեթերը:
Եթերի հյուրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցն էր:
«Հաշվի առնելով թիրախ խմբի մեկուսացվածությունը, հասարակության կողմից նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ հարաբերություններում խոցելիությունը՝ մենք որոշեցինք զբաղվել այս թիրախ խմբի իրավունքների պաշտպանությամբ»,- եթերից բացատրեց Ա. Սաքունցը:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Լոռու մարզում թմրամիջոց գործածողների պաշտպանության համար կիրառվող մեթոդները հնարավոր կլինի կիրառել նաև ողջ հանրապետությունում:
Ա. Սաքունցը նշեց քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների մասին, որոնցով թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվել է և նշանակվել վարչական պատասխանատվություն:
Հայտնեց նաև, որ գոյություն ունի հանրային պաշտպանի ինստիտուտ, որը քրեական գործերի դեպքում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին անվճար դատական պաշտպանություն է ապահովում:
Հեռուստաեթերի ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն ունեցան ուղիղ հեռախոսակապի միջոցով ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մասնավորապես հեռուստադիտողներն հետաքրքրվում էին, թե ի՞նչ ծրագրեր կան դպրոցներում թմրամիջոցների դեմ պայքարի համար: Արթուր Սաքունցը բացատրեց, որ նման հատուկ ծրագրեր չկան, սակայն, կարելի է հանրակրթական դպրոցներում թմրանյութի գործածման բացասական ազդեցության վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:
Հեռուստադիտողների երկրորդ հարցը վերաբերում էր հոգեմետ դեղեր օգտագործողներին:
Պատահում է այնպես, որ առողջության այս կամ այն խնդիր ունեցող քաղաքացուն նշանակում են հոգեմետ դեղեր: Ապաքինվելուց հետո քաղաքացին այդ դեղերից կախվածության մեջ է գտնվում, սակայն ցանկալի չէ, որ շրջապատում իմանան:
Ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել: Հնարավո՞ր է արդյոք լիովին հրաժարվել նման դեղերից:
Արթուր Սաքունցը գտնում է, որ նման դեպքերում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետներին: Նման դեպքերում կարևոր խնդիրն այն է, որ դրանք դիտարկվեն որպես զուտ առողջական խնդիրներ, ոչ թե տեղափոխվեն քրեական հարթություն և պատասխանատվության ենթարկվեն:
Թմրամիջոցների գործածման և դրա շրջանառության դեմ պայքարում են առաջին հերթին իրավապահ մարմինները: Մենք էլ ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վերացվի: Միևնույն ժամանակ որպեսզի միայն գործածողները պատասխանատվության չենթարկվեն:
Թիրախ խմբի պարփակվածության պատճառով շատ դժվար է նրանց հետ կոնտակտի գնալ, և դա խոչընդոտում է նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը: Ուստի Ա. Սաքունցը հետուստադիտողներին կոչ արեց խնդիրների դեպքում ահազանգել կամ այցելել կազմակերպության Ալավերդու ներկայացուցչություն՝ նշելով, որ հնարավոր են նաև կոնֆիդենցիալ հանդիպումները շահառուի նախընտրած վայրում:
Տեղեկացնենք, որ 2008թ-ի հոկտեմբերի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմցի մեկնարկել է «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագիրը: Ծրագիրը թմրանյութ օգտագործողների իրավունքների պաշտպանությունն ուղղված պիլոտային ծրագրի շարունակությունն է, որը շարունակվելով՝ ընդգրկում է ոչ միայն Վանաձորը, այլ Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան քաղաքները:
Ծրագրի շրջանակներում թմրամիջոց գործածողներին տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում, իրականացվելու է նրանց շահերի դատական պաշտպանություն:
Նախատեսվում է իրականացնել նաև դատական պրոցեսների մոնիթորինգ, որի նպատակն է՝ պարզել, թե օրենսդրության կիրառման ժամանակ, այդ թվում և դատաքննությունների ընթացքում, որքանով է ապահովում թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանությունը:
Դատավարությունների մոնիթորինգի արդյունքում կպատրաստվի զեկույց, որում կներկայացվեն կազմակերպության դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենսդրության մեջ կամ դրա կիրառման պրակտիկայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: