Իրավապահ համակարգում խոշտանգումների մասին զեկույց
00:00, July 16, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2009-2010 թթ. ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել է ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, հոգեբանական ճնշումների և սպառնալիքների ավելի քան 15 դեպք, որոնց առթիվ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն ու հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս դեպքերից և ոչ մեկի կապակցությամն քրեական գործ չի հարուցվել:
Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ասուլիս էր հրավիրել ահազանգելու ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ կիրառվող համատարած բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի մասին: Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է «Խոշտանգումները Հայաստանի իրավապահ համակարգում» թեմայով այլընտրանքային զեկույցի կազմումը, որը հասցեագրվելու է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (CPT), իրավապաշտպան կազմակերպություններին և այլ շահագրգիռ կազմակերպությունների: Չնայած որ Արթուր Սաքունցի տպավորությամբ նշված յկազնմակերպություններն էլ որևէ ազդեցություն չեն ունենում տիրող իրավիճակի վրա:
«Առավել մտահոգողն այն է, որ այլևս որևէ ռեսուրս չկա, որ դիմես: Իրավապահ համակարգը` ոստիկանությունն ու դատախազությունը, արդեն դպրոցները, զինված ուժերը, հոգեբուժարանները… մարդիկ համատարած ենթարկվում են շարունակական և տոտալ բռնությունների», արձանագրում է իրավապաշտպանը` իրավապահ համակարգին որակելով համակարգային արժանապատվությունը նվաստացնող համակարգ ու եզրահանգում անում, որ «այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասվում է կրիմինալ հեղափոխություն»:
«Ես նկատել եմ մի տենդենց, զարգացնելով կրիմինալ հեղափոխության թեման պատմում է Արթուր Սաքունցը,- երբ հանցագործություն կատարած անձն ասում է. ես իմ արարքի համար պատժվում եմ, իսկ ինչու իմ նկատմամբ կիրառված հանցագործության` անձին նվաստացման դեպքում ոստիկանները չեն պատժվում»: