Իրավապաշտպան․ Անցյալ տարի բանակում մահացության 76 դեպքերից 19-ը ավտովթարի հետևանք են եղել
16:22, August 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊաշտպանության նախարարությունը, մինչդեռ, անպատասխան թողեց «Ազատության» գրավոր հարցումը վերջին տարիներին նախարարության ավտոմեքենաների վթարների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարության մեքենայի վթարից տուժած 17 զինծառայողներից 12-ը դեռ բժիշկների հսկողության տակ են: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ տուժածներից 6-ը կենտրոնական հոսպիտալում են, 4-ը կայազորային հոսպիտալում, 2-ը՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Նրանց մեծ մասը, Ասատուրյանի փոխանցմամբ, վաղը կվերադառնա ծառայության, իսկ կոտրվածքներ ստացած երկու զինծառայողները կվիրահատվեն․ – «Մեկը միջին ծանրության է եղել, հիմա բավարար ա, մնացածը՝ բավարար և բավարարին մոտ: Ամենածանր վնասվածքը Հայրապետյան Վազգենի վնասվածքն ա, ազդրի վզիկի կոտրվածք, բայց վիճակը բավարարին մոտ ա»:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու ծինծառայողներից մեկը ստացել է կողոսկրի, մյուսը՝ ցայլոսկրի կոտրվածք: Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն ասաց, որ նրանք վաղը կտեղափոխվեն Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարությունն արգելեց լրագրողներին նկարահանել ու զրուցել զինծառայողների հետ: Նրանցից մեկի տատը «Ազատությանն» ասաց, որ Գորիսում ծառայող իր 19-ամյա թոռան հետ կատարվածի մասին հիվանդանոցից են տեղեկացել: Միայն հասցրել են ճշտել, որ վթարի ենթարկված մեքենայի զինվորները Երևան էին գալիս սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի շքերթին նախապատրաստվելու համար:
Նեղսրտած էր հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, կրտսեր սերժանտ Արթուր Միրզոյանի հայրը: Չնկարահանվելու պայմանով ասաց, որ քաղաքացիներն են վթարի վայրից տուժածներին հիվանդանոցներ տեղափոխել, իսկ նախարարությունից դեռ ոչ ոք իր որդուն տեսակցության չի եկել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ իրենց ուսումնասիրություները փաստում են, որ նախորդ տարի Զինված ուժերում մահացության 76 դեպքերից 19-ը հենց ավտովթարի հետևանքով է եղել, 2014-ին 4 դեպք է արձանագրվել, այս տարի հունվար-հունիս ամսիներին նույնպես ավտովթարի երկու դեպք է գրանցվել:
Սա, ըստ իրավապաշտպանի, փաստում է, որ Պաշտպանության նախարության ավտոպարկն անմխիթար վիճակում է․ – «Մենք համոզվեցինք, որ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո այն լայնածավալ օգնությունը, որ տրամադրվեց Զինված ուժերին, հենց ուղղվեց մեծ մասը տեխնիկական միջոցների, տրանսպորտային նոր միջոցների ձեռք բերմանը, բարելավմանը․․․ Հարց է առաջանում, թե տարեկան այդ մի քանի հարյուր միլիոն դոլարները, որոնք ուղղվում են Պաշտպանության նախարարությանը, և բյուջեի մի զգալի մասը ուղղվում է նաև տեխնիկական միջոցների ձեռք բերմանը․․․ ապա ո՞ւր են գնացել»:
Պաշտպանության նախարարությունն այսօր անպատասխան թողեց «Ազատության» գրավոր հարցումը, թե վերջին 5 տարիների ընթացքում նախարարության քանի ավտոմեքենա է վթարվել, այդ դեպքերը նվազեցնելու համար ինչ քայլեր է արել նախարարությունը, վերջին անգամ երբ է թարմացվել ավտոպարկը:
Նախարարի խոսնակ Արծրուն Հովհանիիսյանը միայն կարճ պատասխանեց՝ ուսումնասիրում ենք, մեղավորներն էլ պատժվում են:
Այս պատասխանն իրավաչափ չէ համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իսկ ՊՆ-ի լռությունը որակում որպես իրականությունը կոծկելու փորձ․ – «Ես չեմ հիշում մի դեպք, երբ որ տեխնիկական վթարի հետ կապված, ասենք, տախնիկայի գծով հրամանատարի տեղակալը պատասխանատվություն կրի: Սովորաբար, ցավոք սրտի, լինում է, որ վարորդն էլ է մահացած լինում, և քրեական գործի շրջանակում վարորդին են մեղավոր ճանաչում, և, բնականաբար, նման դեպքերում քրեական գործը կարճվում է: Պաշտպանության նախարարությունը իհարկե բազմիցս ներկայացնում է, որ ինքը ավելի թափանցիկ է աշխատում, ավելի հրապարակային է աշխատում, բայց մենք տեսնում ենք, որ խիստ կարևոր և մտահոգող հարցերի ժամանակ այդ հրապարակայնությունը և թափանցիկությունը չկա: Իսկ լռության մատնելը նշանակում է, որ իրենք կոծկում են բուն պրոբլեմները»:
Աղբյուրը՝ www.azatutyun.am