Լիսկայի հովանավոր Գ. Կոստանյանը, թմրադեղ օգտագործած տղան և քրեական հեղինակություն գորիսցի Արսենը
13:30, July 11, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ«Լիսկան ակնհայտորեն իշխանությունների հովանավորության ներքո է գտնվում՝ հանձինս զինդատախազի»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով, որ այդ հովանավորչությամբ հանդերձ անսպասելի էր Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը, որը իր հատուկ բացատրությունն ունի:
«Ի սկզբանե՝ գործի առաջին իսկ պահից, զինդատախազի կողմից արված մեկնաբանությունները, նախաքննության ընթացքը, տեսանյութի լույս սփռումը, նաև մեծ թվով զենք-զինամթերքի առգրավումը, այնուհետ զինդատախազության կողմից առգրավված զենքերի օրինականությունը հաստատող փաստաթղթերի տարածումը… սրանք բոլորը ավելի շատ ուղղված են Լիսկայի անմեղությունը հիմնավորելուն, քան գործի իսկությունը և օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը ապահովելու համար:
Դա անսպասելի չէր, որ Լիսկան պետք է հովանավորվի իշխանությունների կողմից, բայց որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ կարող էր քրեական գործ հարուցվել, սա մի փոքր անսպասելի էր, քանի որ կարելի էր կարծել՝ այլ ճանապարհ կընտրեին… բայց երևի թե գնահատել են իրավիճակը, որ զինվորական ծառայության հետ կապված հարցերով ճնշում գործադրելը գնդապետի վրա այդ սպասելի արդյունքը չի տա, քանի որ եղբայրն է մահացել: Եվ դրա համար որոշեցին խփել անմիջապես քրեական գործին, հիմա պիտի Արտակ Բուդաղյանը, իրանց մտածելով, միայն մտածի քրեական գործի և, այսպես ասած, իր փրկության մասին: Բայց կարծում եմ, որ արմատական սխալ է թույլ տվել զինդատախազ Գ. Կոստանյանը»:
Արթուր Սաքունցը համոզված է, որ գործը պետք է զինդատախազությունից վերցվի, նախ որ զինդատախազ Գ. Կոստանյանը առաջին օրվանից ի ցույց է դրել գործին իր շահագրգռվածությունը Սուրիկ Խաչատրյանի օգտին, և ապա տեղի ունեցած վիճաբանությունը անձնային հարաբերություններում է, աշխատանքից դուրս և կապ չունի զինվորական գործի հետ, ինչպես Վ. Ավետյանի սպանությունն էր, և գործը հանձնվեց ի վերջո քաղաքացիական քննության: Ա. Սաքունցի խոսքերով՝ Բուդաղյանների գործը պետք է քննի ՀՔԾ-ն և պետք է լինի ՀՀ դատախազի անմիջական հսկողության տակ:
«Լիսկայի խոսքերը, որ նա քնած է եղել, կինն է իր տունը պաշտպանել, այդ խոսքերի հիման վրա քր. գործ չհարուցեցին, բայց պիտի հարուցեին՝ հաշվի առնելով այն, որ Բուդաղյանները՝ մասնավորապես Էմիլ Բուդաղյանը, հայտարարում է, որ Լիսկան շատ լավ էլ կանգնած է եղել: Զինդատախազությունը այն մոտեցումներով, որ մեղադրանք առաջադրեց Արտակ Բուդաղյանին՝ փաստով, որ Արտակ Բուդաղյանը գտնվել է Լիսկայի տան մոտ, նույն կերպ պետք է հենց հիմա մեղադրանք առաջադրի Լիսկայի նկատմամբ»:
Ա. Սաքունցը անդրադարձավ նաև նախաքննության ընթացքում արված և Բուդաղյանների փաստաբանի հայտարարած այն տեղեկությանը, որ Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել. «Սա նշանակում է, որ Լիսկայի տանը տղան թմրամիջոց է օգտագործում: Ես կարող եմ նաև այդպես ենթադրել, և զինդատախազը թող բարի լիներ տեղազննություն անցկացներ թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ Լիսկայի տանը: Եվ եթե դա չի արել, այդ դեպքում քաղաքում բացի Լիսկայի տնից իր տղայի համար թմրամիջոցների պահպանման վայր կա՞ր, քան նրա տունը, որը համարվում էր անառիկ ամրոց, և որտեղ ոստիկանության աշխատակիցները չէին համարձակվել կրակոցներից հետո անմիջապես ներկա գտնվել և տեսանյութը առգրավել, որը զարմանալիորեն հայտնվում է մարզպետարանի աշխատակիցների ձեռքին: Այդ թմրամիջոցներ օգտագործելու պահով ես զինդատախազի առջև հարց եմ դնում ուղղակի, որ հիմնավոր կասկածներ ունեմ, որ դրանք պահվել են Լիսկայի տանը:
Բացի այդ, տեղեկություններ տարածվեցին քրեակատարողական հիմնարկում Լիսկայի որդու խաղամոլության, 10 մլն-ից ավելի գումար «կրվելու» մասին: Ճիշտն ասած, զարմանալի է, որ մինչև հիմա քրեակատարողական վարչությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն չտարածեց, բայց արդեն խաղամոլության փաստով ասեմ, որ այդ գումարը ստացել է Գորիսի քրեական հեղինակություններից մեկը՝ Արսենը, որը փաստում է, որ այդ մարդկանց հարաբերությունները լրիվ տեղավորվում են քրեական հարաբերությունների շրջանակներում»: