Լոռու մարզի դատախազը ամեն ցանկացողին փաստաթուղթ չի տրամադրում
00:00, September 16, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. սեպտեմբերի 2-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվության ստանալու հարցում էր ուղարկել Լոռու մարզի դատախազություն:
Լոռու մարզի դատախազը գրությամբ դիմել էր ոստիկանության Վանաձորի բաժնի պետին, որտեղ նշել էր. «Լոռու մարզի դատախազությունում Վանաձոր քաղաքի բնակիչների շրջանում շրջանառվող դժգոհություններից պարզվել է, որ նույն քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Գարեգին Նժդեհ և Մյասնիկյան փողոցների միջև ընկած հատվածում ավտոմեքենաները կայանելիս տարբեր անձանց կողմից պահանջվում և ստացվում են գումարներ»: Դատախազը պահանջել էր ոստիկանության պետից պարզել, թե ում կողմից, ինչ հիմքով են հավաքվում գումարները, ուր են մուտքագրվում, նշված ճանապարhահատվածը ինչ հիմքով, ինչ կարգով և ում է պատկանում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրության հիման վրա տեղեկատվության հարցում է ուղարկել Լոռու մարզի դատախազին` խնդրելով տրամադրել, թե քաղաքացիների դժգոհություններն ինչ կարգով են արձանագրվել, կան արդյոք հանցագործության մասին հաղորդումներ, դիմումներ, բողոքներ և դրանց առկայության դեպքում խնդրել է տրամադրել դրանց պատճենները:
Կազմակերպությունը միաժամանակ խնդրել է հայտնել, թե ՀՀ իրավական որ նորմով է սահմանվել դատախազի գրությամբ ոստիկանության Վանաձորի բաժնի պետին ներկայացրած ցուցումը:
Լոռու մարզի դատախազը կազմակերպության հարցմանը ի պատասխան նշում է. «Չնայած դատախազությունը օրենքների պարզաբանման պարտականություն չունի, բայց այնուամենայնիվ, հետագայում անտեղի գրագրությունից խուսափելու, ժամանակ խնայելու նպատակով պարզաբանում եմ, որ Լոռու մարզի դատախազություն քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ, տեղեկություններ կամ հաղորդումներ ստացվում են ընդունելությունների, հանդիպումների, հեռախոսազանգերի և այլ շատ տարբեր դեպքերում ու եղանակով, որոնք լինում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:
«Ինչ վերաբերում է որևէ նյութով կամ քրեական գործով Ձեզ դատավարական փաստաթղթեր տրամադրելուն, ապա հերթական անգամ պարզաբանում եմ, որ ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դրանք կարող են տրամադրվել միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, այլ ոչ թե ամեն ցանկացողի»:
Կազմակերպությունը պատասխան գրությամբ դիմում է դատախազությանը, որտեղ նշում է. «Կազմակերպությունը իր վերը նշված տեղեկատվության հարցմամբ Ձեզ չի դիմել օրենքների պարզաբանման հարցով, այլ դիմել է տեղեկատվություն ստանալու այն մասին, թե ՀՀ իրավական որ նորմով է սահմանվում Ձեր թիվ 62/4/80-11 գրությամբ ոստիկանության Վանաձորի բաժնի պետին ներկայացված հստակ մատնանշված ցուցումը: Միեւնույն ժամանակ կարևոր է նկատել, որ մեր հարցման մեջ կազմակերպությունը չէր հարցնում, թե ընդհանրապես ինչ կարգով են դատախազությունում ստացվում տեղեկություններ հանցագործության մասին, այլ կոնկրետ մեր կողմից մատնանշված դեպքի առնչությամբ կոնկրետ տեղեկատվությունն ինչ կարգով է ստացվել:
Իսկ ինչ վերաբերում է «ամեն ցանկացող» արտահայտությանը, գրության մեջ նշվում է. «Ամեն ցանկացողը» հանդիսանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, որոնք անկախ բնակության վայրից, սոցիալական դրությունից, ունեցվածքից, քաղաքական և կրոնական համոզմունքներից և պաշտոնական դիրքից` հանդիսանում են ՀՀ իշխանության տնօրինողը: «Ամեն ցանկացողը» հանդիսանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, որի վճարած հարկերի հաշվին ձևավորվում է պետական բյուջեն, որից հատկացվում են բոլոր պետական մարմինների, այդ թվում նաև դատախազության գործունեության համար անհրաժեշտ միջոցները, հետեւաբար յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է ՀՀ քաղաքացու նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք:
Կից ներկայացվում է՝
• ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզի դատախազին ուղղված տեղեկատվության հարցումը
• Լոռու մարզի դատախազի պատասխանը
• ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը: