Խալաֆյանի գործով «Բժիշկը խաբում է…». նրան ուղղորդել են
00:00, October 2, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԵրեկ շարունակվեց ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում «ինքնասպանություն գործած» Վահան Խալաֆյանի գործով վկաների հարցաքննությունը:
Հերթը շտապօգնության կանչով ոստիկանության Չարենցավանի բաժին ժամանած բժիշկ Վալերի Գաբրիելյանցինն էր: Նա մի տեսակ վախվորած ու կաշկանդված էր ցուցմունք տալիս` թարգմանչի միջոցով:
Վկան դեպքի վայր է եկել ոչ շտապօգնության մեքենայով, այլ ոստիկանների: Մտել էր ոստիկանական բաժնի այն սենյակը, որտեղ Վ.Խալաֆյանը եղել էր գետնին` մեջքի վրա պառկած, անշնչացած, սիրտը պրակտիկորեն չի աշխատել, ճնշում չի ունեցել: Բժիշկ Գաբրիելյանցն ասաց, որ ոստիկաններին չի հարցրել, թե ինչ է եղել, որովհետեւ դա իրեն չի հետաքրքրել, եւ միանգամից բուժքույրի հետ փորձել է օգնություն ցույց տալ: Որովայնի շրջանում տեսել է կտրող-ծակող գործիքի երկու վերք, իսկ դանակի քաշած գծերը ոստիկանական բաժնում չի տեսել (թեեւ սրտի աշխատանքը համապատասխան սարքով է ստուգել` հագուստը բարձրացնելով), քանի որ, վկայի ասելով, վերնաշապիկով մարմինը փակված է եղել: Բժիշկը երբ մտել է սենյակ, որեւէ բինտ, բամբակ չի դրել տուժողի վերքերին եւ նման բան չի էլ տեսել նրա մարմնի վրա: Ցանկացել են` ներարկում անել, սակայն տուժողը «արյուն չի ունեցել» եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկն այդպես էլ չհիշեց, ի վերջո, ներարկում արե՞լ են Վ.Խալաֆյանին, թե՞ ոչ: Վկայի խոսքով` ինքը տուժողի մարմնի վրա կապտուկներ, սալջադեր չի նկատել: Պաշտպանական կողմի հարցին, թե վկաներն իրենց ցուցմունքներում ասել են, որ մինչեւ բժշկի գալը ցանկացել են Վահանին օգնություն ցույց տալ եւ բինտ ու բամբակ են դրել նրա մարմնի վրա. ինչպե՞ս է եղել, որ բժիշկը դա չի տեսել: Բժիշկն ասաց` չգիտեմ: Հարց հնչեց. եթե Վահանը պրակտիկորեն մահացած է եղել, էլ ինչո՞ւ են նրան տարել հիվանդանոց` «վերակենդանացման»: Վկայի պատասխանն այսպիսին էր. արդյունավետ վերակենդանացման համար անհրաժեշտ էր տանել հիվանդանոց: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ շտապօգնության մեքենայով չի գնացել դեպքի վայր` ինչպես պահանջում է կանոնակարգը. ոստիկանները ասե՞լ են` «լուրջ դեպք է», եւ դրա՞ համար է կանոնակարգը խախտել, որովհետեւ միայն այդ դեպքում կարելի է խախտել այն: Բժիշկն ասաց, որ իր ետեւից եկած ոստիկանների դեմքի արտահայտությունից է հասկացել դեպքի լրջությունը եւ նստել նրանց մեքենան: Վկան նաեւ համաձայնեց հիվանդանոցի տնօրենի ցուցմունքում նշած այն պնդմանը, թե Վահանի վիճակը տեղում ախտորոշել են «հոգեվարք»: Գաբրիելյանցն ասաց, որ ինքն է կազմել Վահանի հիվանդության պատմությունը եւ արձանագրել Վահանի մահը: Նաեւ նշեց, որ վերակենդանացման ժամանակ սովորաբար տուժողի հագուստները հանում են (մինչդեռ հագուստները Վահանի վրա են եղել), եւ որ ինքը դրանք հագցնելու հրահանգ չի տվել: Նրա հիշելով` վերակենդանացման ժամանակ Վահանը միայն վերնամասով է մերկ եղել: Նաեւ ասաց, որ ոստիկանությունում էլ ո՛չ ինքն է հանել Վահանի կոշիկները եւ ո՛չ էլ նման հրահանգ է տվել բժիշկներին, մինչդեռ որոշ վկաներ այդպիսի ցուցմունք են տվել: Նա ասաց, որ ցուցմունք տալուց առաջ իրեն որեւէ մեկը չի ուղղորդել:
Ցուցմունք տալիս կաշկանդված էր նաեւ հաջորդ վկան` ոստիկանության Չարենցավանի ՔՀԲ օպերլիազոր Նորայր Գրիգորյանը: Նա շատ ցածրաձայն ասաց, որ ոստիկանության հաշվառման մատյանում ինքն է գրել Վահան Խալաֆյանի հետ բերման ենթարկված անձանց անուն-ազգանունները, բնակության վայրերը: Վահանին դեպքի օրը տեսել է պրոֆիլակտիկայի բաժնի պետի սենյակում, որտեղ եղել է նաեւ Մորիսը: Աշոտ Հարությունյանի հետ ինքը գնացել է Էջմիածին, իսկ նրա կողմից` Խալաֆյանին ծեծելու մասին ոչինչ չի լսել:
Նիստից հետո Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հաջողվեց պարզել բժշկի հարցաքննությունից եւ ի՞նչ հակասություններ ի հայտ եկան: Նա ասաց. «Անկեղծ ասած` ինձ մտահոգողը նաեւ բերանի (Վահանի) շրջանում ունեցած մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմը եւ ընթացքն էր: Ես զարմացած եմ ուղղակի. եթե բժիշկը, որը ասաց, որ ինչ-որ բան (բժշկական խողովակ) է մտցրել Վահանի բերանը, հաստատեց եւ փաստեց, որ մարմնական վնասվածքներ բերանի շրջանում չի ունեցել, դատաբժիշկը որտեղից է դա գրել… Այս դեպքում, պարզվեց, բժիշկը չի մատնանշում այն մարմնական վնասվածքները, որոնք Վահան Խալաֆյանի բերանի շրջանում արձանագրել է դատաբժիշկը, եւ դրա հետ կապված` Աշոտ Հարությունյանի մեղադրանքում դրանք ներառվել են… Կարծում եմ, որ այս հակասությունները որոշ ներազդեցության արդյունք են, ես չեմ կարծում, որ բժիշկը հենց էնպես, առանց կաշկանդվածություն ունենալու, եկել էր էսօր ցուցմունքներ էր տալիս. շահագրգռված մարդիկ կան, որ ուզում են փակ մնան այս գործի որոշակի փաստեր»:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ ավելացրեց իր տպավորությունները. «Ինձ համար անհասկանալի ա մնում մինչեւ հիմա Վահան Խալաֆյանի մահվան պատճառը: Քննությունը անցել է թերի, եւ կան շատ-շատ հարցեր, որոնք պետք է տար դատաքննությունը, բայց, ցավոք, դեռ չի տալիս… Ես միանգամից ասեմ, որ բժիշկը խաբում է, պատրաստված եւ ուղղորդված է եղել մինչեւ այստեղ գալը»: Ովքե՞ր են ուղղորդել: «Այն մարդիկ, ովքեր ուզում են կոծկել գործի իրական պատկերը: Ոստիկանությունը, դատախազությունը… Բժիշկը այդպես էլ չբացատրեց` արդյոք արդեն մահացա՞ծ է եղել Վահան Խալաֆյանը ոստիկանությունում, թե՞ դեռ ոչ: Ինքը կոնկրետ չպատասխանեց այդ հարցին, կոնկրետ հարցերը տրված էին, իսկ իրա պատասխաններից դուրս գալով, ստացվում է, որ նա մահացած է եղել…», – եղավ իրավապաշտպանի պատասխանը: Հաջորդ դատական նիստը` հոկտեմբերի 5-ին, ժամը 11: 30- ին:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/16182/