Խաչիկ Ասրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան
05:54, October 17, 2013 | ՆորություններԽաչիկ Ասրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ Այս մասին Newsbook.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ` Շահեն Տոնոյանը։
Հոկտեմբերի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Ասրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվելու պատճառը, Տոնոյանի մեկնաբանմամբ, այն է, որ 137-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները համարվում են հանցագործություն և դրանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ՝ քրեական դատավարության օրենսգրքի 33 հոդվածը՝ կախված հանցագործությունների ծանրության և հանրային վտանգավորության բնույթից, դրանք բաժանում է երկու մասին՝ հանրային կարգով քրեական հետապնդում և մասնավոր կարգով։
«Մասնավոր կարգի դեպքերը այն դեպքերն են, երբ քրեական գործ հարուցվում է միայն տուժողի բողոքի հիման վրա։ Եթե չկա տուժողի բողոք, մենք չենք կարող հարուցել քրեական գործ», – պարզաբանեց Շահեն Տոնոյանը։
Նրա խոսքերով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածը սահմանում է այն դեպքերը, որոնք համարվում են մասնավոր գանգատի գործեր և որոնց դեպքում նոր՝ տուժողի բողոքի հիման վրա, դատախազությունը իրավունք ունի հարուցելու քրեական գործ։ «Այդ 137 հոդվածի հատկանիշները համարվում են մասնավոր գանգատի գործեր։ Այսինքն՝ այն անձը պետք է դիմի մասնավոր բողոքով, որի հիման վրա հարուցվի քրեական գործ», – նշեց նա։
Իսկ մեր այն հարցին, թե չի՞ կարող արդյոք գործ հարուցվել մամուլի հաղորդագրության հիման վրա, Շահեն Տոնոյանը պատասխանեց, որ մամուլի հաղորդագրության վրա ևս չի կարող գործ հարուցվել, պետք է լինի տուժողի՝ այս դեպքում Զարուհի Փոստանջյանի բողոքը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խորհրդի անդամ, Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, նշել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:
Աղբյուրը՝ http://newsbook.am/archives/12969