ԽՈՇՏԱՆԳԵ՞Լ ԵՆ
00:00, July 28, 2010 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀուլիսի 18-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 27-ամյա Արթուր Նահապետյանը, ապա նրան կալանավորել են և այժմ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:
Ոստիկանության բաժնում հայտնվելուց ի վեր Արթուրի հարազատները նրա մասին որևէ տեղեկություն չունեն: Հուլիսի 25-ին Արթուր Նահապետյանի հարազատները դիմել են փաստաբան Ավագ Լալայանին, որպեսզի ստանձնի իրենց որդու պաշտպանությունը, սակայն արդեն 3 օր է փաստաբանը չի կարողանում ներգրավվել գործում: Գլխավոր քննչական վարչությունը, մասնավորապես, վարչության բաժնի պետ Այվազյանն անպատասխան է թողնում փաստաբանի դիմումները: Այսպիսով, փաստաբանը որևէ հնարավորություն չունի հանդիպել Արթուր Նահապետյանի հետ և պարզել, թե ինչ վիճակում է նա գտնվում Շենգավիթի ոստիկանության բաժնում հայտնվելուց հետո: Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց տղան խոշտանգումների է ենթարկվել և իրավապահ մարմինները խուսափում են նրա մոտ որևէ մեկին թողնել:
Մոտ տաս օր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսում ներկայացնելով ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների ու խոշտանգումների դեպքերը, մասնավորապես, առանձնացրել էր Շենգավիթի ոստիկանության բաժինը` որակելով որպես «մսաղաց», որտեղ մարդկանց աննկարագրելի խոշտանգումների են ենթարկում: