ԿԱՆՉԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
00:00, April 1, 2008 | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008թ. ապրիլի 1-ին հեռախոսազանով Վանաձորի ոստիկանություն են հրավիրվել Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պատասխանատուները:
Ժամը 14:00-ին ոստիկանության հատուկ գործերով քննիչը ոստիկանության Վանաձորի բաժին է հրավիրել Արմեն Հովհաննիսյանին, այնուհետև՝ ժամը 15:00-ին, Կարեն Սարգսյանին:
Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պատասխանատուներից ոստիկանությունում բացատրություններ են վերցրել դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Դեռևս 2008թ. հունվարի 25-ին անհայտ անձինք պատռել էին Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչապաստառները, դրանց վրա վիրավորական արտահայտություններ գրել: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից դեպքի կապակցությամբ դիմել էին ոստիկանություն:
2 ամիս անց՝ 2008թ. ապրիլի 1-ին, միայն փաստորեն ոստիկանությունն արձագանքել է նախընտրական քարոզչության կարգի խախտումներին:
Մինչ այդ՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ Արմեն Հովհաննիսյանին և Կարեն Սարգսյանին բերման էին ենթարկել ոստիկանություն, հարցաքննել:
Բացի այդ, խուզարկել էին Արմեն Հովհաննիսյանի և Կարեն Սարգսյանի փաստացի բնակության և հաշվառման հասցեի բնակարանները: