Կարեն Ավագյան. Պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք ու կմատուցեինք ադրբեջանցիներին
00:00, December 6, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթում անդրադարձել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարություններին ու նշել, որ «իրեն իրավապաշտպան անվանող այդ մարդը սկսել է անցնել բոլոր սահմանները»:
«Բրյուսելում «մեծն իրավապաշտպանը» խոսել է իր սիրած թեմաներից` հայկական բանակը ներկայացնելով ճիշտ այնպիսին, ինչպիսին կերազեր տեսնել հակառակորդը: Որպեսզի հասկանանաք պարոն Սաքունցի հակահայակական մղումները բավական է թեկուզ թռուցիկ ուսումնասիրել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքն ու գործունեությունը»,- ասել է Կարեն Ավագյանն ու նշել, որ 2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. այդ գրասենյակն արտասահմանյան դրամաշնորհներով ծրագիր է իրականացրել, որի նպատակն էր ռազմական բյուջեի մոնիտորինգն ու բանակում դեպքերի ուսումնասիրության միջոցով ԶՈՒ նկատմամբ վերահսկողության ինստիտուտ ձևավորելը. «Նա դրա համար ստացել է 51հազ եվրո»:
Կարեն Ավագյանն ընդգծել է, որ գաղտնիք չէ այն, որ արտասահմանյան կազմակերպություններից դրամաշնորհներ հայթայթելն առանձնահատուկ շնորհ է, իսկ Սաքունցը դրանք ստանալու մեխանիզմները լավագույնս յուրացրել է. «Այսօր Սաքունցին ու նրա նման հայրենիք չունեցողներին շատ թեթև անուն են տալիս` գրանտակերներ, բայց կար ժամանակ, որ արտասահմաններից գումար ստացող ու իրենց երկրում ուրիշների շահերն առաջ տանող մարդիկ կոչվում էին լրտեսներ կամ դավաճաններ»:
Կարեն Ավագյանը նաև չի բացառել, որ իր ելույթից հետո Ա.Սաքունցի գրանտները հնարավոր է շատանան, բայց միաժամանակ նշել է. «Պարոն Սաքունց, կերե’ք ձեր գրանտները որքան ուզում եք, բայց հեռու մնացեք հայոց ազգային բանակից»:
Նա ընդգծել է, որ սաքունցները չեն, որ պետք է ներկայացնեն Հայաստանի հասարակական կարծիքը. «Պարոն Սաքունց, մեծ հաճույքով ձեզ կփաթեթավորեինք ու կմատուցեինք ադրբեջանցիներին կամ թուրքերին, բայց վախենամ նրանք հրաժարվեն ընդունել ձեզ նման թանկարժեք նվերը»:
Աղբյուրը` http://www.emedia.am