Կարծիք արտահայտելու համար պետք է վճարես 400.000 դրամ
00:00, August 4, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. օգոստոսի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի:
Դատարանը վիրավորանք հասցնելու համար Կամսար Թամարյանին պարտավորեցրեց հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ժամանակ» օրաթերթի միջոցով և հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 300.000 դրամ, իսկ զրպարտության համար պարտավորեցրեց նույն օրաթերթի միջոցով հերքել դատարանի կողմից զրպարտություն համարվող տվյալները և հօգուտ համայնքի ղեկավարի բռնագանձել 100.000 դրամ:
Ըստ դատարանի որոշման Կամսար Թամարյանը պետք է վճարի նաև 16.000 դրամ, որպես հայցորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս անգամ ևս պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի էր տվել համագյուղացիներ Գեւորգ Մելքոնյանին, Ղարիբ Միտիչյանին, Բորիս Աշրաֆյանին, Կամսար Թամարյանին, ովքեր «Ժամանակ» օրաթերթի անցյալ տարվա սեպտեմբերի 1-ի համարում մի քանի, ըստ գյուղապետի, «վիրավորական» եւ «գրպարտչական» արտահայտություններ Էին արել իր հասցեին եւ լրատվամիջոցով արատավորել իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
Կից ներկայացվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: