Կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջը
00:00, February 26, 2007 | Մամլո հաղորդագրություններԱդրբեջանցիները կոտրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջը և փոխարենը գրել են՝ ադրբեջանական խակերների կողմից ու տեղադրել են իրենցը. 333 ադրբեջանցու անուն-ազգանուն, ովքեր զոհ են դարձել Խոջալուլի դեպքերին ու ավելացրել ռուսերենով. 26 փետրվարի, Խոջալուն մեր ցավն է ու հիշողությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջի առաջին էջում նրանք տեղադրել են նաև ադրբեջանական անկախ հասարակական-քաղաքական «Նաշ Վեկ» թերթի ինտերնետային էջի հասցեն: Ադրբեջանական այդ թերթն այսօր անդրադարձել է Խոջալուի դեպքերին, նկատել, որ Թուրքիայի խորհրդարանում է Խոջալուի դեպքերի մասին օրինագիծը, որ աշխարհը պետք է իմանա Խոջալուի մասին, որ Խոջալուն 1918 թվականի դեպքերի կրկնությունն է, երբ «հայկական ուժերը 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ մտան Ադրբեջան ու կոտորեցին խաղաղ բնակիչներին»: «Խոջալուի ողբերգությունը հայ ազգայնամոլների ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է»,- գրված է ադրբեջանական «Նաշ Վեկ» թերթում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ինտերնետային էջի առաջին էջը և այն հատվածները, որոնք վերաբերում են խաղաղասիրական գործընթացներին, ուղղված են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի նկատմամբ նման վերաբերմունքը կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը որակում է ոտնձգություն խաղաղասիրության ու իրավապաշտպանության նկատմամբ:
«Իհարկե, ղարաբաղյան պատերազմի ընթացքում Խոջալուում խաղաղ բնակչության մասսայական բնաջնջումը ոչ մի արդարացում չի կարող ունենալ և այն դատապարտելի է որպես ոճրագործություն: Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում թե° պատերազմական գործողությունների ժամանակ, և թե° դրանից առաջ խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործությունները Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում նույնպես պետք է հաշվի առնվեն որպես կոնֆլիկտի ծանր հետևանք: Զոհերի տարանջատումը ըստ էթնիկական կամ կրոնական պատկանելիության կամ բնակության վայրի, ինքնին հանցագործ վերաբերմունք է, որը չի տեղավորվում խաղաղասիրության և իրավապաշտպանության շրջանակներում»:
Նա կարծում է, որ նման վարվելակերպը, երբ կոնֆլիկտը տեղափոխում են կիբեր տարածություն, վկայում է, որ դեռևս հաղթահարված չեն մեր հասարակություններում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հակառակորդների նկրտումները: «Այլանդակություն»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,-հակամարտությունը տեղափոխել են կիբեր հարթություն»:
Նաիրա Բուլղադարյան