Կսթափեցնի՞ իշխանությանը Պետդեպի զեկույցը
06:58, April 22, 2013 | ՆորություններԱրթուր Սաքունցի դիտարկմամբ՝ խնդիրները, որոնք ձևակերպված են զեկույցում, շատ լուրջ են՝ դատական իշխանության անկախության բացակայություն և այլն: Զեկույցում ընգրկված են բոլոր բնագավառները. սկսած կանանց, երեխաների խոշտանգումներից՝ ընտանեկան բռնություն, իշխանություն, կոռուպցիա, աշխատանքային իրավունքներ, թրաֆիքինգ՝ վերջացրած քաղաքական ազատություններ, ընտրություններ, փախստականներ և այլն: Արթուր Սաքունցի խոսքերով՝ ընդհանուր միտումները ներկայացված են կոնկրետ օրինակներով, հիմնավորված և շատ օբյեկտիվ են:
«Ոչ միայն ներկայացվում է իրավիճակը, այլ նաև հստակ ձևակերպվում են այն հիմնական խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում, և թե որոնք են դրանց առաջացման պատճառները: Սա շատ մեծ օգնություն է իշխանություններին, եթե իհարկե նրանք կարողանան օգտվել զեկույցում նշված խնդիրներից և դրանց շտկման ուղղությամբ քայլեր կատարեն»,- հավելեց Արթուր Սաքունցը:
Զեկույցում բավական մեծ անդրադարձ կա ոստիկանությանը, հատկապես՝ ոստիկանական բաժանմունքներում ոստիկանների պահվածքին՝ ծեծի ենթարկելու, ձերբակալության ընթացքում ապացույցների ձեռք բերման ժամանակ վատ վերաբերմունքին, ինչպես նաև հրապարակային միջոցառումների ժամանակ լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունքին, ինչպես նաև ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրներին՝ հանրահավաքների իրականացման ժամանակ մարզերից մայրաքաղաք տեղափոխելու հարցին:
Իրավապաշտպանը նշեց, որ հիմնական մտահոգությունը ոստիկանության կողմից ոչ միայն վատ վեաբերմունքի, հոգեբանական ճնշման, բռնություն կիրառելն է, այլ զեկույցում մանրամասն նկարագրվում է, թե ինչ բնույթի բռնություններ են կատարվում և ինչ միջոցներով: Բացի դրանից, ըստ նրա, կարևոր հարցադրում է կատարվում, որ ըստ էության՝ բռնությունների վերաբերյալ հաղորդումներն էլ մնում են անքննելի, քրեական գործեր չեն հարուցվում: Զեկույցում նաև նշվում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների փաստերով պատշաճ քննություն չի կատարվում, ինչը շատ կարևոր հանգամանք է:
Անդրադարձ է կատարվում նաև դատական իշխանության խնդրին. «Դատարանները, որպես կանոն, բավարարում են բոլոր այն միջորդությունները, որոնք վերաբերում են խափանման միջոցներին, այսինքն՝ ըստ էության դատարանը դառնում է ոստիկանության գործողությունների խրախուսողը, անդրադարձ է կատարվում Մարտի մեկի դեպքերին՝ որ թեև 2011-ի վերջին հայտարարվել էր, որ Մարտի մեկի հետ կապված՝ մահացած երկու զինծառայողների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, բայց իրապես չեն բացահայտվել սպանությունները կատարողները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հարցին, թե արդյո՞ք զեկույցը կարող է իշխանությունների հետագա որոշումներում զսպաշապիկ հանդիսանալ, իրավապաշտպանը պատասխանեց, որ կարևոր է իմանալ՝ իշխանությունը որքանո՞վ է պատրաստ ընդունելու զեկույցում ներկայացված խնդիրները և պատրաստակամություն հայտնելու իրավիճակը շտկելու համար, և արդյո՞ք զեկույցը դիտարկվում է իշխանության կողմից որպես իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր կատարելու հնարավորություն: Այսինքն՝ ազդեցությունը, ըստ Ա. Սաքունցի, կախված է իշխանության քաղաքական կամքից:
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի նման երկրի համար կարևոր է, թե կոնկրետ որ երկիրն է ներկայացնում Հայաստանի իրավիճակի մասին զեկույց։ Տվյալ դեպքում ԱՄՆ-ն է, որը մեծ ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ որպես ժողովրդավարական պետություն, ինչպես նաև աշխարհի հզոր պետություններից մեկը:
«Հայաստանի իշխանությունների համար զեկույցը հանդիսանում է այն ինդիկատորը, որով ինքը կարող է նաև կանխատեսել, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Եվ այս տեսանկյունից՝ չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կարող են անտարբեր մնալ այդ զեկույցի նկատմամբ»,- ասաց Ա.Սաքունցը:
Զեկույցում անդրադարձ կա նաև Վահե Ավետյանի սպանությանը, որի առնչությամբ հապշտապ և ոչ պատշաճ քննություն է իրականացվել: Անդրադարձ կա իրավապահ մարմիների՝ իրենց գործառույթների ոչ պատշաճ իրականացմանը: Արթուր Սաքունցը նշեց, որ ոչ միայն կոնկրետ փաստեր են ներկայացվում, այլ նաև հղում է կատարում ՄԱԿ-ի անցած տարվա մարդու իրավունքների խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից մարդու իրավունքների դիտարկումներին, իրավապահ մարմինների կողմից ոչ պատշաճ քննության կատարման հարցին: Այսինքն՝ բազմակողմանի են մոտենում խնդրին: Մեծ տեղ է հատկացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին և դրանց ուղղությամբ քննության հարցին:
«Զեկույցի մեջ բոլոր թեմաները «կարմիր թելի» նման անցնում են իրավունքների խախտումներով փաստերով ոչ պատշաճ քննությամբ:Սա հիմնական «աքիլլեսյան գարշապարն» է: Զեկույցում նշվում է, որ հիմնական այդ խնդիրը պայմանավորված է դատական իշխանության անկախության բացակայությամբ։ Ինչպես նաև անդրադարձ կա դատական իշխանության անկախության բացակայության օրենսդրական խնդիրներին և դրանց կիրառմանը՝ նշելով դատավորի նկատմամբ հետապնդման, անկարգապահական վարույթի միջոցով նրանց աշխատանքից հեռացնելու կոնկրետ դեպքեր: Այսինքն՝ գործադիր իշխանությունից դատական իշխանության կախվածությունը ուղղակի գոյություն ունի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_177967.html