Համատեղ քայլեր՝ ուղղված Վանաձորի ծերատան կենսապայմանների բարելավմանը
00:00, November 6, 2008 | Նորություններ | Տարեցների իրավունքներՆոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Վանաձորի ծերատանն իրականացված մարդու իրավունքների մոնիտորինգի արդյունքների քննարկում:
Քննարկմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրավերով մասնակցում էին Վանաձորի ծերատան տնօրենը, ՀՀ աշխատանքի և սոցիալակա հարցերի նախարարության, Հայ օգնության ֆոնդի, հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում Վանաձորի ծերատանը մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոնիտորները ներակայացրեցին բացահայտված մի շարք խնդիրներ:
Մասնավորապես՝ մտահոգիչ է Վանաձորի ծերատանն անկողնային հիվանդների նկատմամբ շուրջօրյա խնամքի բացակայությունը, տարեցների նկատմամբ աշխատակազմի վերաբերմունքը նրանց նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնությունների մասով, ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները: Ընդհանուր համակարգային մասով մտահոգիչ է Վանաձորի ծերատան իրավաբանական կարգավիճակի հարցը: Ներկայումս Վանաձորի տարեցների տունը համարվում է ոչ առևտրային, այն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանում և չունի պետական լիցենզիա: Պետական լիցենզիա ունենալու դեպքում ծերատունը համաֆինանսավորում կունանա նաև պետական բյուջեից, որի համար, սակայն, յուրաքանչյուր տարի պետբյուջե վճարելու է 100.000 դրամ:
Վանաձորի տարեցների տանը բացահայտված խնդիրները ներկայացվել են ընդհանուր զեկույցի տեսքով, որը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում՝ ՀՀ կառավարություն, Հայ օգնության ֆոնդ, Վանաձորի ծերատուն և այլն: Ծերատան տնօրեն Տ. Քոչարյանը նշեց, որ խտրական մոտեցում է ցուցաբերվել զեկույցի պատրաստման ժամանակ: Զեկույցում նշվել են տարեցների տանն աշխատող երկու անձանց անուններ, սակայն տեղեկատվություն տված որևէ տարեցի անուն չի հիշատակվել:
Ըստ նրա՝ զեկույցում ներկայացված շատ մասնավոր դեպքեր ընդհանրացվել են:
Բացահայտված խնդիրների կապակցությամբ քննարկման ընթացքում տարեցների տան տնօրենը ներկայացրեց իր մեկնաբանությունները: Ըստ նրա՝ մոնիտորինգի իրականացումից հետո ծերատան սանիտարահիգիենիկ պայմանները բարելավվել են, շենքն ընդհանուր վերանորոգվել է: Վանաձորի ծերատունը պատրաստվում է պետական լիցենզիա ստանալ, որը հնարավորություն կտա ձեռք բերել նաև համաֆինանսավորում, ավելացնել հաստիքները:
Մասնավորեցնելով Վանաձորի ծերատան խնդիրները՝ քննարկման մասնակիցներն առանձնացրեցին հետևյալը.
1. հատուկ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ունենալ խնամող քույր
2. աշխատողների հետ Ժողովներ կազմակերպել՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով
3. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել հիգենիայի անհրաժեշտ պարագաներով
4. ապահովել հոգեկան խանգարումով տառապող անձանց, հաշմանդամներին անվճար դեղորայքով
5. Վանաձորի ծերատան շահառուներին ապահովել համապատասխան եղանակի համար անհրաժեշտ հագուստով
6. բարձրացնել աշխատողների աշխատավարձերը
7. հատուկ մասնագիտական վերապատրաստումների միջոցով փոխել տարեցների նկատմամաբ աշխատակիցների վերաբերմունքը
8. ավելացնել հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի հաստիքներ
Վանաձորի ծերատան տնօրենը գտնում է, որ իրավաբանի և հոգեբանի հաստիքների ավելացման խնդիրը չի կարող լուծվել, քանի որ օրենսդրությունը տվյալ հաստիքը նախատեսում է 50 տարեցների առկայության դեպքում:
Տարեցների նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքը փոխելու համար մասնակիցները կարծում են, որ մասնագետների վերապատրաստման խնդիր կա: Թեև Կրթության ազգային ինստիտուտը երբեմն վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում ծերատան աշխատողների համար, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
Բարձրացված խնդիրների լուծման համար առաջարկությունները մասնակիցները պայմանավորվեցին մշակել հաջորդ քննարկման ժամանակ: