«Հայաստանին տրվում է ևս մեկ հնարավորություն՝ դուրս գալու ՄՄ ծուղակից»
12:06, December 15, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն և Հայաստանն աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ: Դեսպանը չէր բացառել, որ դա կլինի Ասոցացման նոր համաձայնագիր, որը, սակայն, չի ունենա նախորդ համաձայնագրում ամրագրված խորությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ Ասոցացման համաձայնագիրը մեծ մասամբ ուղղված էր Ուկրաինային դեպի ԵՄ թեքելու քաղաքականությունն առաջ տանելուն, և այն հանգամանքը, որ Ուկրաինան և Հայաստանը չստորագրեցին, շատ ուժեղ հարված էր «Արևելյան գործընկերության» ծրագրին, որի նախաձեռնողը Լեհաստանն էր:
«Ասոցացման համաձայնագիրը ստորագրում էին Արևելյան գործընկերության անդամ երկրները, որոնք վերջին երեք-չորս տարիների ընթացքում շատ ակտիվ բանակցում էին ԵՄ հետ: Այստեղ կարևոր է, որ Եվրոպական միությունը վերջապես Լեհաստանի դեսպանի շուրթերով արտահայտեց այն միտքը, որ պիտի արտահայտեր վաղուց և ոչ թե պարտադրեր «կամ…կամ…» քաղաքականությունը, որը կոնկրետ Հայաստանի պարագայում շատ դժվար իրագործելի էր՝ հաշվի առնելով այն, ինչ մենք արել ենք արտաքին քաղաքականության մեջ, որն անվանում ենք կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ այստեղ պետք է հաշվի առնել Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքը, մեծ սփյուռքի առկայությունը և մի շարք այլ գործոններ, բայց այն, որ մենք պետք է կարողանանք ԵՄ հետ հարաբերություններն ավելի սրընթաց առաջ տանել և արդեն ստորագրել Ասոցացման նոր համաձայնագիր, դա երբևիցե դուր չէր գա մեր ռազմավարական գործընկերոջը, որը կանխեց դա ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի համար:
Համբարյանի կարծիքով՝ եթե Հայաստանը հանկարծ համաձայնագիրը չստորագրելու հարցում լիներ միայնակ, ապա ԵՄ-ն երբեք զիջումների չէր գնա, բայց երբ չի ստորագրում նաև Ուկրաինան՝ Եվրոպայի ամենամեծ տարածքով երկիրը, ԵՄ համար հասկանալի է՝ իր «կամ…կամ…» քաղաքականությունը չի կարող առաջ տանել, այլ պետք է քիչ թե շատ զիջումների գնա, որպեսզի Արևելյան գործընկերության կարևորագույն անդամներից Ուկրաինան և Հայաստանը կարողանան իրենց տնտեսական և քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի նորմալ դասավորել, միաժամանակ կարողանան համագործակցել ԵՄ հետ: Եթե Հայաստանը միայնակ լիներ, ըստ քաղաքագետի, դա մեծ վնաս կհասցներ Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
«Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանն արդեն չի հավատում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ԵՄ-ին, որովհետև երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ԵՄ առաջնորդները և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարեցին, որ Վարշավյան պայմանագրի և ԽՍՀՄ նախկին հանրապետությունները երբեք չեն կարողանա դառնալ այս ռազմաքաղաքական խմբավորումների անդամներ, բայց անցել են տարիներ, տեսնում ենք, որ թե Վարշավայի պայմանագրի, թե նախկին ԽՍՀՄ երկրների մի մասը ոչ միայն ԵՄ, այլև ՆԱՏՕ անդամ են: Ինքնըստինքյան, սա կատաղի դիմադրության է արժանանում ՌԴ կողմից, և նա իր լծակներն օգտագործեց, իսկ ԵՄ-ն հասկացավ, որ կատեգորիկ վերջնագրերով հնարավոր չէ առաջ տանել իր այս գործընթացը»,- ասաց նա:
Համբարյանը նշեց, որ ԵՄ հետ Հայաստանի կապը մեծ դեր ունի առավելապես քաղաքացիական ինստիտուտների զարգացման առումով. ԵՄ հետ բանակցելով՝ մենք բավական ժողովրդավարական ինստիտուտներ ենք ստեղծել. ՀԿ-ների ակտիվությունը, քաղաքացիական ինստիտուտների առկայությունը, թեկուզ ՄԻՊ բավական անկախ դիրքը և այլ բարեփոխումներ տեղի են ունեցել հենց ԵՄ հետ, ուստի, ըստ Համբարյանի, շատ վատ կլինի, եթե մենք հանկարծ այս առումով զիջումների գնանք, որովհետև ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանն այս ոլորտներում շատ թույլ են, միջազգային կոռուպցիոն սանդղակում էլ՝ բավական վատ դիրքերում:
Քաղաքագետի կարծիքով՝ թե տնտեսական, թե ռազմական առումով մենք այնքան էլ հեշտ չենք կարող համագործակցել ԵՄ հետ, երկարաժամկետ պայմանագիր ունենք ՌԴ հետ, որի ռազմաբազան գտնվում է այստեղ, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ուստի պետք է ավելի իրատես լինել:
«Հույս ունեմ՝ մեր իշխանությունները կկարողանան կիրառել «և…և…» տարբերակը: Իհարկե, ՄՄ հետ մեր հարաբերություններն ավելի սերտ կլինեն: Հայաստանը պետք է հստակեցնի՝ ինչ զիջումների պետք է գնա նաև ՄՄ-ում: Հայաստանին շատ դեպքերում ձեռնտու չեն նույն ՄՄ անդամ երկրների տնտեսական ոլորտում գործող կանոնները, օրինակ՝ մեր երկիրը, որպես այդպիսին, չունի արդյունաբերություն, և հետաքրքիր է՝ եթե ՌԴ-ն մեծ հարկեր է դնում այն գործարարների վրա, որ Եվրոպայից կամ արտերկրից ավտոմեքենաներ են ներկրում, դա մեզ մոտ կիրառվելո՞ւ է: Դա մեզ բացարձակ ձեռնտու չէ, որովհետև մենք չունենք սեփական ավտոմոբիլային արտադրություն, որ պաշտպանենք սեփական շուկան կամ արտադրողին: Այստեղ շատ հարցեր կան, որոնք դեռ պետք է պարզել»,- ասաց նա:
Համբարյանը նկատեց՝ եթե մենք կարող ենք ներկրել ավելի որակյալ արտադրանք, ինչո՞ւ պետք է ռուսական անորակ ու թանկ մեքենաներով լցվի Հայաստանը, ընդ որում՝ սա միայն մի խնդիրն է, նմանատիպ բազմաթիվ «բայց»-եր կան, որոնց պետք է անդրադառնալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը, նշեց, որ դա գնահատում է որպես ԵՄ կողմից ևս մի հնարավորություն Հայաստանի Հանրապետությանը (նկատի ունենալով ոչ միայն իշխանությանը, այլև ՀՀ քաղաքացիներին)` դուրս գալու Մաքսային միության ծուղակից:
«Մեկ անգամ ևս հնարավորություն է տրվում մեզ, որովհետև դեկտեմբերին հավանաբար ԱԺ-ին կներկայացվի ՄՄ-ին միանալու վերաբերյալ փաստաթուղթը, և ԱԺ-ն պետք է հավանություն տա կամ հաստատի: Սա, ցավոք, ընդամենը համարում եմ հնարավորության և փրկության վերջին օղակ, իսկ թե դրանից կօգտվե՞ն ՀՀ իշխանությունները՝ խիստ կասկածում եմ:
Այստեղ խնդիրը եվրոպական կողմի որդեգրած արագ տեմպերը չեն, որի մասին անընդհատ հայտարարում են, որովհետև նույն Մոլդովան ու Վրաստանն այդ տեմպերից բացարձակ չէին նեղվում, այստեղ ավելի շատ հարցն այն է, թե ԱլԳ անդամ երկրների և իշխանությունները, և քաղաքացիները պատրա՞ստ են կատարելու նման ընտրություն դեպի եվրոպական քաղաքակրթություն, զարգացման ուղի: Որքան հասկանում եմ՝ ՀՀ գործող իշխանությունները, որ ամբողջովին թաղված են կոռուպցիայի և համատարած ապօրինությունների մեջ, կարող էին տեղավորվել ՄՄ-ի զարգացման ուղու մեջ»,- ասաց նա:
Սաքունցը ցավով արձանագրեց՝ քաղաքացիական այն ընդվզումը կամ պոռթկումը, որին մենք ականատես ենք Ուկրաինայում, մեզ մոտ դեռևս չենք տեսնում, այսինքն՝ մեծ հաշվով, հանրության մեջ կա փոխզիջում: Իրավապաշտպանը նշեց, որ ԵՄ կողմից այս հնարավորությունն ավելի շատ ուղղված է ՀՀ քաղաքացուն, քան իշխանություններին: Սաքունցի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչները բազմազանություն կամ որևիցե անհամաձայնություն չեն արտահայտում, և ստացվում է, որ ոչ մի տարակարծություն չկա, ու սա տխուր է:
«Ուկրաինան իր ընտրությունը կատարեց, իսկ մեզ մոտ ո՞վ է ընդունելու Լեհաստանի դեսպանի առաջարկը, ո՞վ է լսելու նրա ձայնը, ո՞վ է քայլեր անելու այդ առաջարկի ուղղությամբ՝ այս տեսակետից ուղղված է միայն ու միայն քաղաքացիական հասարակությանը: Սա մեզ համար մեծ հնարավորություն է, բայց նորից եմ կրկնում՝ այդ հնարավորությունը կմնա օրակարգում, քանի դեռ մենք պատրաստ չենք լինելու ընտրության քայլ կատարել: Հարցն այն է՝ մենք պատրա՞ստ ենք դուրս գալ այս ճահճից, այս հետամնացության ծուղակից, որում հայտնվել ենք, թե՞ ոչ: Մենք ենք կատարելու այդ քայլը»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ Եվրոպան զարգացման քաղաքակրթություն է, ինքն ունի հնարավորությունների մի ամբողջ պաշար, զարգացման հնարավորությունների ևս մեկ տարբերակի առաջարկ է սա: Վերջին հաշվով, ըստ Սաքունցի՝ իրենք երևի թե ավելի շատ են մտահոգված մեր մասին, քան ինքներս:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ եթե Հայաստանում ընդդեմ ՄՄ անդամակցման ակցիաները չլինեին, նման հայտարարություն անելն անիմաստ կլիներ, առնվազն անիմաստ, անգամ՝ անհեթեթ, բայց քանի որ քաղաքացիական կամքի դրսևորում եղավ, ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլև փոքր ազդեցության քաղաքական ուժերը մի նոր հնարավորություն ունեն՝ քայլ կատարելու այդ ուղղությամբ. Եվրոպայի դռները փակ չեն:
«Սա շատ կարևոր արգումենտ է: Դեռ վաղ է քայլերի մասին խոսել, շատ վաղ, բայց պարզ է, որ դրանք մեծ ժամանակ, էներգիա են պահանջելու՝ ընդհուպ իշխանության հեռացումը»,- ասաց նա: