Հայաստանում փոփոխությունները վաղուց էին անհրաժեշտ
08:28, April 27, 2013 | ՆորություններՀայաստանում մարդու իրավունքների ռազմավարության, նրա իրականացման նպատակով գործողությունների պլանի եւ իրականացման նպատակով «Մարդու իրավունքների ազգային հանձնաժողով»-ի ստեղծման հարցերը հանրային ուշադրությանն արժանացան միայն վերջին ժամանակներս: Այն էլ պայմանավորված է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` «Մարդու իրավունքների ազգային հանձնաժողով»-ի նախագահի պաշտոնում նշանակվելու փաստով: Նույնիսկ վերջինս առանձին մեծ հոդվածով հանդես է եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում («Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ», «ՀԺ», 23.04.2013-խմբ): Իմ կողմից ներկայացվող հոդվածում կանդրադառնամ «Մարդու իրավունքների ռազմավարության» փաստաթղթի մշակման ընթացքին եւ կձեւակերպեմ դրա հետ կապված մի շարք խնդիրներ: Նախ եւ առաջ հարկ եմ համարում նշել, որ «Մարդու իրավունքների ռազմավարության» մշակման նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ թե ՀՀ իշխանությունները, այլ Եվրոպական միությունը, մասնավորապես` Հայաստանում Եվրամիության «Տեղեկատվական խորհրդատվության» խումբը: Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել միջազգային առաջարկությանը, բայց «Մարդու իրավունքների ռազմավարության» մշակման աշխատանքների ընթացքը եւ նրանցում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ոչ պատշաճ ներգրավումը եղել է մտահոգիչ: Պատկերացրեք, «Մարդու իրավունքների ռազմավարության» փաստաթուղթը մշակվում է Անվտանգության խորհրդի կողմից, եւ մշակման աշխատանքներում քաղաքացիական հասարակության ինստիտուտները ներգրավված չեն եղել: Եղել է ընդամենը մեկ քննարկում խորհրդարանում` 2011 թվականի դեկտեմբերի վերջին, եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին տրվել է խիստ սահմանափակ ժամկետ` մինչեւ 2012 թվականի հունվարի կեսը` նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար: Չնայած ամանորյա եւ հետամանորյա օրերի ոչ աշխատանքային տրամադրություններին, հասարակական կազմակերպությունները` հանձինս «Գործընկերություն հանուն բաց հասարակության», ներկայացրեցին իրենց առաջարկությունները, սակայն որեւէ առաջարկություն հաշվի չառնվեց «Մարդու իրավունքների ռազմավարության» վերջնական տարբերակում: Ավելին` 2012 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվեց «Մարդու իրավունքների ռազմավարություն»-ը, նաեւ սահմանվեց ռազմավարության իրականացման գործողությունների պլանի մշակման եռամսյա ժամանակահատված, ինչպես նաեւ ռազմավարության իրականացման գործողությունների պլանի վերահսկողության եւ գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը: Երբ վերստին հասարակական կազմակերպություններին առաջարկվեց ներկայացնել իրենց առաջարկությունները «Մարդու իրավունքների ռազմավարության» գործողությունների ցանկի վերաբերյալ, մենք, մինչ մեր առաջարկությունների ներկայացումը, վերստին ներկայացրեցինք մեր մտահոգությունները բուն ռազմավարության վերաբերյալ` նշելով, որ ինքնին ռազմավարությունն ունի լուրջ թերություններ, առանց որոնց շտկման, դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք կունենա դրա իրականացման գործողությունների ցանկը: Մենք ելնում էինք այն փաստից, որ «Մարդու իրավունքների ռազմավարություն»-ը հաստատված է ՀՀ նախագահի կարգադրությամբ եւ, բնականաբար, այդ փաստաթղթում փոփոխությունների իրականացումը կախված է լոկ մեկ մարդուց եւ չի ենթադրում Ազգային ժողովին բնորոշ երկարաժամկետ ընթացակարգեր, սակայն իշխանությունների ներկայացուցիչները` հանձինս ՀՀ Արդարադատության նախարարության, հստակ պատասխանեցին, որ ռազմավարության փաստաթղթի մեջ փոփոխություններ հնարավոր չէ կատարել: Այսինքն` ՀՀ նախագահը պատրաստ չէ փոփոխություն կատարել իր իսկ կարգադրության մեջ, միաժամանակ նշվեց, որ ռազմավարության փաստաթղթի հետ կապված մտահոգությունները կարող են լուծվել գործողությունների ցանկում ներկայացվող առաջարկությունների հիման վրա:
Ինչեւէ, մենք ներկայացրեցինք մեր առաջարկությունների փաթեթը «Մարդու իրավունքների ռազմավարության» գործողությունների ցանկի վերաբերյալ, որի աշխատանքները համակարգում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Թե ինչքանով կընդունվեն մեր առաջարկությունները «Մարդու իրավունքների ռազմավարության» գործողությունների ցանկի վերաբերյալ, շուտով հայտնի կլինի: Սակայն կա եւս մեկ այլ կարեւոր հարց, դա միջգերատեսչական հանձնաժողովի կազմի հետ է կապված: ՀՀ նախագահն իր կարգադրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին, ավելին` մարդու իրավունքների պաշտպանին կարգադրում է ներկայացնել հանձնաժողովում ՀԿ-ներին հատկացված հինգ ներկայացուցիչների վերաբերյալ առաջարկություններ: Այսինքն` ՀՀ նախագահը հանձնարարություն է տալիս մարդու իրավունքների անկախ պաշտպանին, որով, ըստ էության, կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունը: Մյուս կողմից` ՀՀ նախագահը մարդու իրավունքների պաշտպանին «օժտում» է քաղաքացիական հասարակության անունից հանդես գալու լիազորությամբ: Ի դեպ, հիշեցնեմ, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի Հայաստանյան ծրագրի շահառուների խորհուրդը, որը կազմված էր հասարակական կազմակերպություններից, կազմավորվել է հենց ՀԿ-ների կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում: Այսինքն, գոյություն ունի հստակ ընթացակարգ եւ փորձ քաղաքացիական հասարակության կողմից` սեփական ներկայացուցիչներին ընտրելու եւ ներկայացնելու համար: Այսքանը զուտ աշխատանքների կազմակերպման ընթացքի, մոտեցումների մասին, որոնք չի կարելի համարել եւ անհնար է ընդունել որպես համարժեք մոտեցում այնպիսի մի կարեւորագույն փաստաթղթի մշակման իրականացման համար, ինչպիսին «Մարդու իրավունքների ռազմավարություն»-ն է: Նման մոտեցումներն ինքնին հակասում են քաղաքացիական հասարակության մոտեցումներին, ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանի դերին, իշխանության եւ քաղաքացիական հասարակության` մի կողմից, Մարդու իրավունքների պաշտպան եւ ՀԿ-ներ հարաբերությունների մոտեցումներին` մյուս կողմից:
Հիմա անցնենք բուն բովանդակությանը: Պարոն Ա. Բաղդասարյանի կողմից նշվում են մի շարք ռազմավարական փաստաթղթերի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովների գործունեության արդյունավետության մասին: Ես պետք է արձանագրեմ, որ նշված ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերի իրականացման վերաբերյալ հանրությունը ոչ միայն իրազեկված չէ, այլ նույնիսկ շատ ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները մատչելի չեն: Մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ՀԱՊԿ ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները եւ զեկույցները մինչ այժմ հրապարակված չեն: Հայտնի չէ, թե ինչ արդյունքներ ունեցավ հակաթմրամոլային ազգային ծրագրերի իրականացումը:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների բնագավառում փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա դրանց մասին նոր չի ասվում: Մարդու իրավունքների բնագավառում աղետալի իրավիճակների մասին արդեն երկար տարիներ նշում են ԵԽ-ի` խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, ՄԱԿ-ի` խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն, ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն իր բազմաթիվ բանաձեւերում եւ այլն: Իհարկե` լավ է ուշ, քան երբեք, եւ ողջունելի է իշխանությունների հրապարակային պատրաստակամությունը փոփոխություններ կատարելու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Քաղաքացիական հասարակությունը միշտ էլ պատրաստ է եղել, եւ դա արտահայտվել է ոչ միայն քննադատություններով, այլ նաեւ` առաջարկություններով, որոնք, ցավոք, երկար տարիներ անտեսված են եղել: Ավելին` գնահատվել են որպես գործողություններ ընդդեմ ազգային անվտանգության եւ ազգային շահերի, բայց շարունակելու ենք մեր քննադատությունը բոլոր այն դեպքերում, եթե իշխանությունները չփոխեն իրենց որդեգրած՝ լռության մատնելու վարքագիծը` մարդու իրավունքների խախտումների եւ խնդիրների, դրանց լուծման առաջարկությունների նկատմամբ:
«Մարդու իրավունքների ռազմավարություն»-ը, որպես անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ինքնին իհարկե կարեւոր է: Թե ինչքանով այն կկարեւորվի հանձնաժողովի նախագահի կողմից, դրա համար նա ժամանակ ունի: Սակայն մինչ այժմ նրա մոտեցումները նման լավատեսության հիմք չեն տալիս: Կփո՞խվի արդյոք կարծիքը, վերստին կհամոզվենք առաջիկա տարիներին:
«Մարդու իրավունքների ռազմավարության» իրականացման առաջին գնահատականը կլինի այն, թե ինչքանով հաշվի կառնվեն քաղաքացիական հասարակության առաջարկությունները ռազմավարության իրականացման ցանկում: Ի դեպ, ակնկալում ենք, որ նաեւ չընդունված առաջարկությունների վերաբերյալ գերատեսչությունները վերստին կներկայացնեն իրենց հիմնավորումները: Սրանով նաեւ կհամոզվենք, թե ինչքանով են իշխանությունները պատրաստ իրական երկխոսության ՀԿ-ների հետ: Պետք է վերջապես քաղաքացիական հասարակության հետ ձեւական երկխոսությունից անցում կատարել իրական երկխոսության եւ համագործակցության:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/41705