Հայտարարություն
00:00, June 29, 2007 | Տեղաշարժի ազատությունՏեղեկացնում ենք ՀՀ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան Վրաստանի հանրապետության տարածքով:
2007թ հունիսին Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձորի բնակիչ Ռոբերտ Էլիզբարյանը, որի եղբայր Հովիկ Էլիզբարյանը Մոսկվայից Հայաստան է վերադառնալիս եղել ցամաքային ճանապարհով:
Վրաստանի տարածքում Հովիկ Էլիզբարյանին ձերբակալել են Վրաստանի իրավապահ մարմինները՝ ռուս-վրացական սահմանն ապօրինի խախտելու մեղադրանքով:
Վրաց փաստաբանը Հովիկ Էլիզբարյանից որոշակի գումար է պահանջել՝ նրա իրավունքները պաշտպանելու և ձերբակալությունը տուգանքով փոխարինելու համար: Հովիկ Էլիզբարյանը, որը ցամաքով վերադառնում էր Հայաստան ինքնաթիռի տոմսի գումար չունենալու պատճառով, չի կարողացել վճարել նաև փաստաբանին:
Վրաստանի դատարանի հունիսի 20-ի վճռով Հովիկ Էլիզբարյանը դատապարտվել է հինգ տարի ազատազրկման, և ներկայումս գտնվում է անազատության մեջ:
Վրաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է սահմանվել վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական անցակետերից ցամաքային ճանապարհով անցնելու դեպքում: Նման պատասխանատվությունը տարածվում է նաև այն անձանց վրա, ում անձնագրում առկա է նշված անցակետից օգտված լինելու վերաբերյալ կնիք/շտամբ/, նույնիսկ մի քանի տարվա վաղեմության:
Ուստի, զգուշացնում ենք խուսափել վրաց-աբխազական և վրաց-հարավ-օսեթական անցակետերից ցամաքային ճանապարհով օգտվելուց, հետագայում խնդիրներ չունենալու համար: