Հանրապետականները չէ, որ պետք է ասեն
16:32, January 14, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՓետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում միջազգային և տեղական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ դիտորդական առաքելություն կիրականացնի նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներից բաղկացած 63 հոգանոց խումբը: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Վերջինս նշել է, որ կազմակերպությունը մշտապես իրականացրել է դիտորդական առաքելություն, և փետրվարյան նախագահական ընտրությունները չէին կարող լինել բացառություն: «Դիտարկման նպատակն է ընտրական գործընթացի ընթացքում բացահայտել թերությունները, խախտումները, այսինքն գնահատել, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները, որքանով են համապատասխանում ազատ և արդար ընտրությունների չափորոշիչներին: Բացի այդ, բացահայտված ընտրական խախտումների կամ արձանագրված խախտումների վերաբերյալ նաև ահազանգել, որպեսզի կանխարգելվեն, քանի որ եթե ժամանակին չեն կանխարգելվում, թողնում են լուրջ ազդեցություն ընտրական պրոցեսի նկատմամբ»,- ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակը այսպես է մեկնաբանել Արթուր Սաքունցը: Նա նաև ներկայացրել է դիտորդական առաքելության ընթացքում իրենց կազմակերպության կողմից արձանագրած մի շարք խախտումներն ու թերությունները:
«Երկարատև դիտորդական առաքելություն իրականացնելիս մենք եկել ենք այն համոզմանը, որ առաջին հերթին իշխանությունները բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե՛ տեղական, թե՛ համապետական, մշտապես որպես կանոն օգտագործում են վարչական ռեսուրսները, լայնածավալ և նաև անվերահսկելի օգտագործում, միևնույն ժամանակ անպատիժ օգտագործում: Հաջորդը ընտրակաշառքների տարբեր տեսքով՝ բնամթերքով, տեխնիկայով, վճարումներով, կամ ուղղակի ֆինանսական միջոցներով օգտագործումն է: Մյուսը ընտրողների, հատկապես ոչ իշխանական թևի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների գործածումն է, թեկնածուների միջև ոչ հավասար պայքարի, կամ ոչ հավասար պայմանների ապահովումն է»,-նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Արթուր Սաքունցը, անդրադառնալով հանրապետականների այն վստահեցումներին, թե նախագահական ընտրությունները երկրում անցնելու են ազատ և արդար, և որ դրանք լինելու են նորանկախ Հայաստանի պատմության մեջ անցկացված ամենաազատ և թափանցիկ ընտրությունները, մեզ հետ զրույցում նշել է. «Իրանք չէ, որ պետք է նման վստահություն ներշնչեն, որովհետև մինչ այժմ անցկացված որևիցե ընտրությունների ժամանակ չի եղել որևիցե մի հիմք, որ ես ասեմ, թե նույն այդ հանրապետական մեծամասնությունը կամք է դրսևորել ընտրական խախտումների դիմագրավման առումով, չեմ տեսել ես այդպիսի բան»: Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպանի, դեռևս 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո միջազգային կառույցների կողմից ևս եղավ առաջարկ, որպեսզի Ընտրական օրենսգիրքը ենթարկվի որոշակի փոփոխությունների, սակայն իշխանությունները չգնացին այդ քայլին: