Հանցագործության մասին հաղորդումը մերժվել է գրությամբ
00:00, January 26, 2011 | Նորություններ | ՈստիկանությունՍպիտակի ոստիկանապետը կապ չունի՞ մաքրման կայանի գույքի կողոպտման հետ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնից Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանի՝ 2010 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը մերժվել է գրությամբ՝ հիմք ընդունելով, որ քննչական գործողությունների արդյունքում դիմումի մեջ նշված հանգամանքները չեն հիմնավորվել:
3 մասից բաղկացած հաղորդման մեջ Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանը իրավապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրել Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասների, Սպիտակի ներկայիս ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի կողմից իր նկատմամբ չարաշահումներին ու քաղաքացի Սամվել Աբգարյանի կողմից իրենից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերի վրա:
Հաղորդման մեջ նշվում էր, որ Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի մեջ իր մասնակցությունն է ունեցել Սպիտակի ներկայիս ոստիկանապետը: Այս հանգամանքը վերոնշյալ գրությամբ հերքվել է:
«Ներկայացված հաղորդմանը իրավապահ մարմինները գրությամբ են պատասխանել, ինչը հնարավոր չէ բողոքարկել, գրությունը իրավական հիմք չունի: Անհրաժեշտ էր որոշում կայացնել քրեական գործին կցելու, նոր քրեական գործ հարուցելու, գործը դատարան ուղարկելու մասին, որպեսզի հնարավոր լիներ բողոքարկել, այնինչ՝ իրավապահ մարմինները մատնվել են անգործության»,-ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:
Հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ից ուղարկվել է գլխավոր դատախազություն, այնտեղից՝ նորից ՀՔԾ: «Մի խոսքով, մեկը մյուսի վրա է գցել, վերջում էլ գործը մի մասով՝ մաքրման կայանի, ըստ գլխավոր դատախազության գրության, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, այնտեղից էլ Լոռու մարզի քննչական բաժին»,- բացատրում է Զալյանը:
Ըստ իրավաբանի, այդ 3 մասով էլ՝ իրավապահ մարմնի չարաշահում, երբ իրավապահը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից՝ կատարելով անօրինական գործողություններ, մաքրման կայանի կողոպուտ եւ ֆիզիկական անձի կողմից խաբեություն եւ չարաշահում, անհրաժեշտ էր առանձին-առանձին քննություն կատարել. «Նման բան չի եղել, ակնհայտ է իրավապահ մարմինների, դատախազության, Հատուկ քննչական ծառայության անգործությունը»:
Իրավաբանը մտադիր է դիմել դատարան՝ բողոքարկելու իրավապահ մարմինների անգործությունն ու պարտավորեցնել նրանց՝ կայացնել համապատասխան որոշում, որը հնարավոր կլինի բողոքարկել:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/am/articles/rights/87803/view
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Վանաձոր