Հասարակությունը չի վստահում ընտրական գործընթացներին
20:51, November 26, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքԱյսօր անցկացվել է լայն քննարկում «Քաղաքացիական հասարակության պահանջները՝ ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով՝ ԿԸՀ, ՄԻՊ, ԱԺ խմբակցությունների, ՀԿ-ների ու փորձագետների մասնակցությամբ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայցուցիչ Սոնա Այվազյանը նշեց, որ մի խումբ ՀԿ-ներ աշխատելով միասին և ուսումնասիրելով Ընտրական օրենսգիրքը, հանգել են այն եզրակացության, որ խնդիրներ կան հենց ԸՕ-ի մեջ, և պետք է նախագահական ընտրություններից առաջ անդրադարձ կատարել այդ խնդիրներին, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:
«Կանանց 12 տոկոսը և տղամարդկանց 13 տոկոսը ընդանրապես չեն հավատում ընտրական մեխանիզմներին, և դա արդեն մտահոգիչ ցուցանիշ է: Քաղաքացիներից շատերը վստահ են, որ ընտրությունները չեն կարող անցնել առանց խախտումների՝ ճնշումներ, կարուսելի մեթոդ, վարչական ռեսոուրսների չարաշահում և այլն: Մեզ համար անհասկանալի է իշշխանությունների լռությունը ընտրական մեխանիզմների բարեփոխման ուղղությամբ: Ավելի անհասկանալի էր անցյալ շաբաթ իշխանությունների կողմից ԸՕ փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստի բոյկոտը, ինչը գնահատում եմ որպես հարգանքի պակաս: Այսօր շատ կարևոր է վերականգնել հասարակության վստահությունը ընտրական պրոցեսների նկատմամբ, և ԸՕ բարեփոխումներին պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն միայն միջազգային կազմակերպությունների ճնշման դեպքում»,- ասաց Սոնա Այվազյանը:
Իրավաբան Արտակ Զեյնալյանը համոզմունք հայտնեց , որ հասարակությունը կորցրել է ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը, և դա նրանից է, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն: Ահա ինչու փոփոխությունների սուր անհրաժեշտություն կա, որ հասարակության ընկալումը փոխվի ընտրական գործընթացների նկատմամբ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ սույն թեմայով քննարկումները պետք է վաղուց կազմակերպվեին: Անդրադառնալով ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի հանձնարարաականներին, նա նշեց, որ դրանք հասցեագրված են եղել թե քաղաքական կուսակցություններին, թե քաղաքացիներին, թե քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Քննադատելով քաղաքական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստի գաղափարը , Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ առանց քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավմամբ, առանց քաղաքացիական հասարակությանը նախապատրաստելու, առանց խորհրդարանական լսումների ու քննարկումների, չէր կարելի նման փոփոխություններ նախաձեռնել: