Հարգված տղեն չպիտի «կոտրվի». Ի՞նչ են արել ՌՈ աշխատակիցները հոսպիտալում
22:34, November 3, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժերԵրեւանի կայազորի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպը բավականին մտահոգել է իրավապաշտպաններին, ովքեր գտնում են, որ զինվորների նկատմամբ ոչ միայն զորամասերում, այլ նաեւ հոսպիտալներում լուրջ վերահսկողություն չի իրականացվում:
Զինվորական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, ասել է. «Առաջինը, բնական է, վերահսկողության պակասն է, եւ երկրորդը՝ փաստորեն մեր բանակում, ես բազմիցս ասել եմ, կանոնադրական փոխհարաբերությունները վերածվել են, այսպես ասած, գողական փոխհարաբերությունների: Զինվորները գնում են զինվորական զգեստներ են հագնում, սակայն իրենց պահում են փողոցայինի նման, չեն հարգում մեր «ուստավը», չեն հարգում զինվորական կանոնագիրքը, կանոնադրությունը, եւ դա գալիս է սպաներից»:
Ըստ իրավապաշտպանի՝ սպաներն են զինվորներին նման հոգեբանությամբ դաստիարակում: «Որ մատնել չի կարելի, հարգված տղեն պիտի մաքրություն չանի, հարգված տղեն պիտի «չկոտրվի»… եւ նույնը կենցաղային հողի վրա պետք է տեղի ունեցած լիներ հոսպիտալում»,- ասել է Ռ. Մարտիրոսյանը:
Իրավապաշտպանը նշում է, որ բանակում զինվորը պետք է ծառայի ոչ թե չգրված օրենքներով, այլ հակառակը:
Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կատարվածի վերաբերյալ այլ գնահատականներ ու մտահոգություններ ունի: Հետեւելով դեպքերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին, նրա մոտ հետեւյալ կարծիքն է ձեւավորվել:
«Բոլոր դեպքերում եղել է միջադեպ, որի արդյունքում հինգ զինվորներ ստիպված են եղել դուրս փախչել հոսպիտալից եւ ոչ միայն դուրս փախչել հոսպիտալից, այլ նաեւ տարբեր միջոցներով հեռանալ տարածքից, իսկ սա այն դեպքից հետո, երբ ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ժամանել են հոսպիտալ: Այսինքն այդ ժամանման հետ կապված զինվորները ստիպված են փախչել, դա արդեն լավ բան չի նշանակում»:
Ըստ Ա. Սաքունցի՝ հարց է առաջանում. ինչպիսի՞ն է եղել ՌՈ աշխատակիցների պահվածքը կամ մոտեցումը, երբ զինվորները շատ լավ գիտակցելով, որ զորամասից (հոսպիտալից) փախչելը կունենա հետեւանքներ, այնուամենայնիվ գնում են այդ քայլին: «Բոլոր վարկածներով հանդերձ եղել է խնդիր, որը հանգեցրել է այնպիսի մի կոնֆլիկտի, որը վերաճել է: Այստեղ ուրիշ հարց կա. եթե հոսպիտալում զինվորները առողջական խնդիրների համար են գտնվել, իսկ եթե առնվազն հինգ զինվոր են դուրս գալիս ու եթե եղել են այդ հոսպիտալի զինվորները, ապա ոնց կարող է հիվանդ զինվորը թողնի հիվանդասենյակը, գիշերը այդ հագուստները հագներին դուրս են գալիս, այսինքն ոչ թե գիշերային, այլ իրենց զինվորական համազգեստով, իսկ դեպքը քնի ժամանակ է եղել, այսինքն այդ ի՞նչ հիվանդներ են եղել»,- շարունակել է իրավապաշտպանը: Նրա գնահատմամբ պետք է ուսումնասիրություն իրականացվի եւ պարզվի, թե արդյո՞ք նրանք իսկապես ունեցել են առողջական խնդիրներ, քանի որ Ա. Սաքունցի խոսքերով՝ ինքը ունի լրջագույն կասկածներ, որ այնտեղ գտնվող զինվորներից շատերը չունեն առողջական խնդիրներ, բայց ինչ-ինչ նպատակներով գտնվել են այնտեղ: Այստեղ կան կոռուպցիայի հետ կապված ռիսկեր եւ մտահոգություններ: Համապատասխան պատասխանատուները պետք է մանրազնին ուսումնասիրություններ իրականացնեն այդ ուղղությամբ, հակառակ պարագայում կնշանակի, որ միտում կա թաքցնելու իրականությունը, կարծում է իրավապաշտպանը:
Ա. Սաքունցը հույսի ունի, որ կկարողանա հանդիպել բոլոր այն առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների եւ նրանց հարազատների հետ, ովքեր եւ գուցե կներկայացնեն, թե իրականում ինչ է կատարվել զինվորական հոսպիտալում: Իսկ մինչ այդ իրավապաշտպանը նշում է, որ առնվազն տարօրինակ է ՌՈ աշխատակիցների պահվածքը, ովքեր մինչեւ հիմա չեն հայտարարել, թե կան արդյոք ձերբակալվածներ, թե ոչ: Այս ամենը հիմք է տալիս նրան ենթադրելու, որ գործը ցանկանում են կոծկել:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/zinvor-hospital_03.html