Հարձակման գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
14:58, June 17, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2013 թ. հունիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ԼՄ քննչական բաժնի:
2013 թ. մարտի 29-ին ավագ քննիչ Ռ. Մինասյանը «Քրեական գործով վարույթը կազմելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում էր կայացրել:
Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Կ. Թումանյանը նշեց, որ կազմակերպության տարածքում ֆիլմերի ցուցադրության հետ կապված տեղի ունեցած հավաքի ընթացքում հասարակական միավորման կողմից կատարված գործողություններում առկա են եղել ՀՀ օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլի 16-ի բողոքի ակցիային ներկա գտնվող անձանց կողմից կատարվել է ստորագրահավաք, վերջիններիս կողմից քարեր են նետվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուղղությամբ, ինչի արդյունքում կազմակերպության աշխատակցի առողջությանը վնաս է պատճառվել:
Վարույթն իրականացնող մարմինը քննություն չի իրականացրել 2012 թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած իրադարձություններում հանցակազմի տարրերի առկայության կամ բացակայության ուղղությամբ:
Կ. Թումանյանը հանդես է եկել պահանջով` վերացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի 2013 թ. մարտի 29-ի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Դատական նիստը հետաձգվել է պատասխանող կողմի միջնորդության հիման վրա, ըստ որի` պատասխանողը մինչ օրս չի ստացել դիմումատուի կողմից ներկայացված դիմումի օրինակը: Վերջինս ժամանակ է խնդրել` նյութերին ծանոթանալու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2013 թ. հունիսի 19-ին` ժամը 16:00-ին: