Հիմա էլ Սաքունցի դեմ
00:00, August 10, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՄինչ փաստաբան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ իրավապաշտպանը չի զրպարտել Լեռնապատի համայնքապետին, վերջինս շարունակում է հակառակը պնդել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ նախագահ Արթուր Սաքունցի:
Լեռնապատի համայնքապետը իրավապաշտպան կազմակերպության նախագահին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ: 2010թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում իրավապաշտպան Սաքունցը, խոսելով կոռուպցիայի մասին, նշել էր՝ «Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը՝ տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն եւ իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում»:
Վերոնշյալ արտահայտությունները Լեռնապատի համայնքապետը զրպարտություն է համարում՝ նշելով, որ ինքը չի վատնել տեղական բյուջեն, առավել եւս՝ ինքը օրենքով լիազորված չէ իրեն եւ իր ընտանիքի անդամներին ազատելու գույքահարկից:
«Ավագանին է որոշում՝ գույքահարկից ազատե՞լ, թե՝ ոչ: Մանավանդ իմ բարեկամների հետ կապված դեպքերում որոշումներ կայացնելիս ձեռնպահ եմ մնում՝ փորձելով չխառնվել»,- դատարանում բացատրում էր Վանո Եղիազարյանը: Լեռնապատի համայնքապետը նաեւ հերքում է իր բարեկամներին օգնություններ բաժանելու մեղադրանքները, պարզաբանելով, որ այդ հարցը եւս կարգավորվում է համայնքի ավագանու կայացրած որոշումներով:
«Ես ոչ ոքի օգնություն չեմ տրամադրել: Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, այնպես էլ իմ հարազատների ու ծնողների՝ օգնություն ստանալու դիմումները բավարարվել են համայնքի ավագանու որոշումներով: Ես օգնություն տալու լիազորություն չունեմ»,- բացատրում է համայնքի ղեկավարը:
Լեռնապատի համայնքապետը պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին՝ նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:
Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը, սակայն, իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի արած արտահայտություններում զրպարտություն չի տեսնում. Իր արտահայտություններով, Արթուր Սաքունցն ընդամենը քննադատել է Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի անգործությունը:
«Այստեղ պատվի, արժանապատվության խնդիր ես չեմ տեսնում,- ասում է փաստաբանը,- Սաքունցը բարձրացրել է նախաքննական մարմնի կողմից գործի ոչ պատշաճ քննություն իրականացնելու հարցը, նա չի զրպարտել համայնքի ղեկավարին»: Փաստաբանն ասում է, որ կազմակերպությունը Լեռնապատի բնակիչներից բազմիցս հաղորդումներ է ստացել այն մասին, որ համայնքապետը քրեական գործով անցնող վկաների վրա ճնշումներ է գործադրում՝ ստիպելով, որ վերջիններս փոխեն իրենց տված ցուցմունքները կամ այլ ցուցմունքներ տան՝ նպատակ հետապնդելով այդկերպ կարճելու իր նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը:
Այս պարագայում ՀՔԱՎ ղեկավարը բազմիցս անդրադարձել է ընտրված խափանման միջոցը կալանավորումով փոխարինելու հարցին՝ հաշվի առնելով, որ ազատության մեջ մնալով՝ համայնքի ղեկավարը խախտում է ՀՀ քրդատավարության 135 հոդվածի պահանջները, այն է՝ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել: Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ է հարուցված: Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: